ՃՇՀԱՀ-ը և «Արարատբանկ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանը և «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը համալսարանում կնքել են համագործակցության հուշագիր։
«Այս կյանքի մեծ բանալին գիտելիքն է»,- հուշագրի ստորագրումից հետո, կարևորելով մասնավոր հատված-բուհ համագործակցությունը կրթական ծրագրերում, ասել է «Արարատբանկի» գործադիր տնօրենը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, հուշագրի համաձայն՝ համալսարանի տնտեսագիտության, հաշվապահական հաշվառում և հարկում, անշարժ գույքի փորձաքննություն կրթական ծրագրերը կկատարելագործվեն։ «Արարատբանկը» և ՃՇՀԱՀ-ը համատեղ կմշակեն կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ, գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման դասեր և բաց դռների օրեր՝ բանկի աշխատանքներն ու գործառույթները ներկայացնելու նպատակով։
«Այս համագործակցությունը էականորեն կնպաստի ուսանողների մասնագիտական աճին և հետագայում հնարավորություն կտա նրանց ներգրավվել երկրի տնտեսության և շինարարության հարցերի մեջ»,- իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։