Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական հետագա զարգացման համար կարևոր է մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական հետագա զարգացման համար կարևոր է մարդու տնտեսական 
վարքագծի փոփոխությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետն անդրադարձել է կառավարության առաջիկա քայլերին և տվել հանձնարարականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշման մեջ, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ըստ հիմնավորման՝ 2019 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կբաշխվի ցանկում ընդգրկված փոխհատուցում ստացող համայնքներին: Գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 1), Վայոց ձորի (թվով 2) և Տավուշի մարզերի (թվով 11) 16 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի  սակագնի մասնակի  ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքվել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ համապատասխան աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: «Ամեն ինչ անում ենք, որ Ձեր նախանշած ժամկետում՝ մարտի 15-ին,  բոլոր տնտեսությունները ջուր ունենան»,- նշել է  նախարարը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ աշխատանքներում պետք է նաև համայնքներին, բնակիչներին, կամավորներին ներգրավել, քանի որ ի վերջո այդ տնտեսությունն առաջին հերթին իրենց է սպասարկում:  «Շատ կարևոր է, որ քաղաքացիներն իրենց կողմից ինչով կարող են այդ գործընթացին մասնակցեն, որովհետև շատ դեպքերում մենք աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու համար: Օրինակ՝ ջրանցքներն օգտագործվում են որպես աղբանոցներ: Այսինքն՝ պետական բյուջեից միջոցներ ենք տրամադրում, որպեսզի ջրանցքները մաքրվեն: Ենթադրենք կառավարությունը, պետությունը այս ուղղությամբ չաշխատի, դա նշանակում է, որ ջրամատակարարումը պատշաճ չի իրականացվի: Բայց հարց՝ ինչո՞ւ է այդ աղբը հայտնվել այդտեղ, որովհետև քաղաքացիները աղբը լցնում են ջրանցքները: Իսկ ինչո՞ւ  աղբահանություն չի արվում     համայնքներում, որովհետև քաղաքացիները ընտրությունների ժամանակ գյուղապետ, ավագանի  ընտրելիս առաջնորդվում են  ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի, այլ ով է ընտրակաշառք տալիս, ով ում հետ է բարեկամ, ում հետ ինչ շահեր ունի, ով ինչ ապօրինի ծառայություն է խոստացել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեր հետագա տնտեսական զարգացման համար մեկ անգամ ևս կարևորել է  մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունը:  «Երբ այդ մասին ասում ենք, նաև սա նկատի ունենք. աղբը լցնել-չլցնել իրենց իսկ մատակարարող ջրանցքի մեջ՝ տնտեսական վարքագծի փոփոխություն է: Այսինքն՝ մեր մոտ տրամաբանությունը հետևյալն է՝ աղբը լցնում ենք, ջրանքցքները ջարդուփշուր ենք անում, այդ թվում՝ ապօրինի գծեր քաշելու համար, այդ ամենը  խաթարում ենք, ընդ որում նաև՝ աջ ու ձախ կաշառքներ տալով և վերցնելով, և հետո էլ ասում ենք, որ ջուր չկա ոռոգման սեզոնի թեժ շրջանում: Երբ մենք ասում ենք տնտեսական վարքագծի փոփոխություն, նաև սա նկատի ունենք: Պետք է այս սեզոնին նաև իրենք աջակցեն կառավարությանը, որպեսզի այս աշխատանքները պատշաճ մակարդակով  արվեն և հետագայում էլ ջրանցքներն առավել խնամքով օգտագործեն: Եվ այն գումարները, որոնք մենք այսօր պետք է ծախսենք լցված աղբը հանելու համար, կարող ենք ծախսել ընթացիկ սպասարկման, ինչ-որ փոքր կապիտալ ծախս իրականացնելու վրա»:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև  այսօրվա դրությամբ բոլոր ջրամբարների լցվածության մակարդակի, ջրամբարներից թողքերի  նկատմամբ նախատեսվող հսկողության ընթացքի և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

 

 

Օրենսդրական նախաձեռնություններ 

Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է և այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը: Օրինագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ):

Անդրադառնալով օրինագծին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ տարբեր  գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ այդ տարբերությունը կապված է խտության հետ: Այս հարցի հետ կապված  մի պահ ինչ-որ աղմուկ եղավ, թե գազի նկատմամբ աքցիզային հարկն ավելացվում է: Ես ուզում եմ արձանագրել, որ ոչ մի ավելացում չկա, բացարձակ որևէ հարկային ավելացում տեղի չի ունենում: Իսկ կարո՞ղ է արդյոք այս փոփոխությունը բերել գազի գնի ավելացման: Եթե դա տեղի ունենա, ապա գազալցականներն իրենց այդ գործողությամբ  կհայտարարեն, որ մինչ այդ բոլոր սպառողներին խաբել են»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի, քանի որ նա  կստանա իր վճարածին  համարժեք գազ. «Հետևաբար այստեղ սպառողի շահերը ոչ միայն ոտնահարված չեն, այլև պաշտպանված են»:

Հավանության է արժանացել նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն  արագ և արդյունավետ կազմակերպելու համար: Օրինագծի ընդունմամբ հիմք կստեղծվի թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության նոր հարաբերությունների  ձևավորման, համագործակցության շրջանակի ընդլայնմանն ու աջակցության բարելավման համար: Արդյունքում կներդրվեն նոր մեխանիզմներ և կկատարելագործվեն ընթացակարգերը, կհստակեցվեն փոխգործակցության հետ կապված ժամկետները, կստեղծվեն գործակցային նոր հնարավորություններ, կամրապնդվի միջգերատեսչական և բազմամասնագիտական համագործակցությունը:

Նիստում քննարկվել է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվեր   ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև 2019 թ. ապրիլի 1-ը:

Օրինագիծը հանվել է օրակարգից: Վարչապետն առաջարկել է նախագիծը լրամշակել և ամրագրել, որ   մինչև 2019 թ. ապրիլի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել միայն այս պահին մաքսային տարածքում գտնվող մեքենաները, որոնց թիվը 442 է:  

«Եթե մենք նման քաղաքականություն չվարենք, ապա կգա ժամանակ, որ աջակողմյան մեքենաները երկրում իրենց թվաքանակով կգերազանցեն ձախակողմյան մեքենաների քանակը, և մենք ստիպված կլինեն ուղղակի երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, ինչը միլիարդների ծախս կլինի պետական բյուջեի վրա: Այսինքն՝ մեր կյանքի ամբողջ տրամաբանությունը դրա պատճառով պետք է ստիպված լինենք փոխել» ,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ: Մասնավորապես, օրինագծերից մեկով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Կառավարությունն առաջարկել է նախագծերով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում և լուծումները նախատեսել ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակում: Ըստ կառավարության՝ նախագծերով առաջարկվող փոփոխությունները և կարգավորումները կրում են հատվածական բնույթ, որոնք գործնականում խնդրահարույց իրավիճակների են հանգեցնելու:

 

Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ այսօր երկրում առկա է հանցավորության մակարդակի նվազեցման խնդիր:

«Պարզվում է, որ համաներմամբ ազատ  արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար: Ես կարծում եմ, որ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություններ պետք է ընդհանրապես չարվեն: Եվ այն խնդիրը, որ մենք լուծում ենք համաներումների միջոցով,  պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով: Համահարթեցնող տրամաբանությունը վերաբերում է կամ բոլորին կամ խմբերին՝ առանց անհատականացման: Իսկ պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի դեպքում գործ ունես կոնկրետ մարդու հետ և հնարավորություն կա գնահատելու կոնկրետ մարդու հնարավոր վարքագիծն ազատության մեջ հայտնվելուց հետո: Եվ դա որոշումները դարձնում է առավել հասցեական և առավել գիտակցված: Այո, ես համաձայն եմ, որ մենք այսօր չենք կարող նման կարգավորման գնալ, մանավանդ այդպիսի մեծ համաներումից հետո: Բայց մյուս կողմից մենք պետք է աշխատենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման  մեխանիզմները գործարկելու, կյանքի կոչելու համար»,-ասել է գործադիրի ղեկավարը:   

Կառավարության նիստում քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կրթության մասին» ՀՀ  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Գործադիրն օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չի ներկայացրել:

Կառավարությունն առարկություններ չի ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Փոփոխությունը վերաբերում է օրենքի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, որը  հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այստեղ ևս խնդիր է առկա. «Մեր իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների մոտավորապես 85-90 տոկոսը ժամկետային զինծառայությունից խուսափածներ են: Սա ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ շատերը Հայաստանից արտագաղթել են այն ժամանակ, երբ դեռ  զորակոչային տարիքի չեն եղել: Սակայն դա նրանց չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտականությունից: Եվ ևս  մեկ անգամ  կոչ եմ  անում  մեր հայրենակիցներին, որ նրանք իրենց զորակոչային պարտականությունները կատարեն՝ վերադառնալով Հայաստան և ժամկետային ծառայություն անցնելով Հայաստանի զինված ուժերում: Բայց մենք չենք կարող ասել, որ այս օրենքը  միշտ լինելու է: 2017 թվականի դեկտեմբերին նախորդ կառավարությունն արձանագրել էր, որ այլևս այս օրենքը չի լինելու: Դրանից հետո  քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել և մենք կարիք ունենք հասկանալու, թե այս նոր իրավիճակում ինչ արձագանք կստանա այս օրեսդրական նախաձեռնությունը մեր հայրենակիցների շրջանում: Այո կան արձագանքներ, բայց  չենք կարող ասել, որ այս հնարավորություններից օգտվողների թիվը շատ է»::

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս մեխանիզմի հետագա գործարկմՙան հարցը պարզ կդառնա այս մեկ տարվա ընթացքում:

«Շատ հնարավոր է, որ իսկապես գանք այն եզրակացության, որ այս մեխանիզմի հետագա գործարկումն իմաստ չունի: Եթե սա, օրինակ՝ ներգաղթին չի խթանում շոշափելի ծավալներով, պաշտպանության նախարարության եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենալու, ինչի՞ համար ենք այս մեխանիզմը պահում: Այսինքն՝ սա ընդամենը մի միջանկյալ գործողություն է, որ մենք հիմա անում ենք», - նշել է Նիկոլ Փաշինյանը:    

Հավանության է արժանացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար պատասխանատվության միջոցը խստացնել՝ բացի տուգանքից սահմանելով նաև մեկից երեք տարի ժամկետով ազատազրկում: Նախագծով առաջարկվում է նաև նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից սահմանել նաև կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Կառավարությունը առաջարկության համաձայն՝  ՀՀ արդարադատության նախարարությունը  մշակել և 2019 թ. հունվարի 14-ին շրջանառության մեջ է դրել համանման՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը տեղադրվել է նաև հանրային քննարկման www.e-draft.am կայքէջում: Ներկայումս այդ նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների և հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ քննարկման փուլում: Ըստ այդմ՝ ԱԺ պատգամավորական խմբակցությանն առաջարկվում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրինագծին հետագա ընթացք տալուց, և հարցին անդրադառնալ առաջիկայում կառավարության կողմից ԱԺ-ի քննարկմանը ներկայացվելիք համանման օրենքի նախագծի քննարկումների շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]