Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Աննա Կոստանյանը կառավարության ծրագրի նախագծում կինոյի ոլորտի վերաբերյալ կարգավորումների բաց է տեսնում


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի  ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարության ծրագրի նախագծում «Կինոյի մասին» օրենքի վերամշակման մասին ոչ մի հիշատակում չանելը բացասական երևույթ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոստանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանն ունեցած իր ելույթում:

«Այս ծրագրի հայեցակարգից դուրս է մնում ժամանակակից աշխարհում մեծ ու փոքր տնտեսության աճի համար խթան հանդիսացող կինոարտադրությունը` բազմաշերտ մոտեցումներով: Այս ոլորտի ներկայացուցիչները թևաթափ են լինելու և միգուցե իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանից դուրս: Ես հավատում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց պոտենցիալը հայկական ֆիլմարտադրության մեջ ազդելու է տնտեսական աճի վրա»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, եթե կառավարության ծրագիրը ներկայացվում է առանց «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակմանը հղում անգամ անելու, իր համար հիմնավորում է, որ հայկական կիոն դուրս է մնալու պետության զարգացման հայեցակարգից: «Իսկ իմ համոզմամբ կինոարտադրության ոլորտում ևս պետք է հեղափոխական նախաձեռնություններ իրագործել: Եվ հայկական կինոարդյունաբերությունը պետք է դիտարկել որպես տնտեսական առանձին մեկ միավոր»,- նշեց Կոստանյանը:

Նա նկատեց, որ այսօր կինոյի ոլորտում գործում է երեք պետական կառույց` Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայ ֆիլմ» ՓԲԸ-ն: Պատգամավորը նշեց, որ այդ  ՊՈԱԿ-ները պետությունից սուբսիդավորվում են 824 մլն դրամով: Նրա կարծիքով` այդ կառույցները չեն տալիս արժեքավոր կինոարտադրանք և վատնում են պետական բյուջեի միջոցները: Կոստանյանը նշեց, որ կարելի է ստեղծել մեկ ընդհանուր դեպարտամենտ հայկական կինոգործիչներին միավորելու համար:

Ազգային ժողովի փետրվարի 14-ի նիստում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը: Փետրվարի 12-ին Ազգայի ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր: Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ