Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Փաշինյանն անհրաժեշտ է համարում հանքարդյունաբերական արտադրանքի տեսակարար կշռի նվազեցումն արտահանման ծավալում


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտահանման ծավալում հանքարդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը նվազեցնելու կարիք է տեսնում: Միևնույն ժամանակ, նա շեշտում է Հայաստանում հանքարդյունաբերության` բնապահպանական ամենախիստ չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

Զոլյանն առաջարկեց կառավարության ծրագրի կոնտեքստում անդրադառնալ հանքարդյունաբերությանը: «Ծրագրում մի ձևակերպում կա` իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` ապահովելով հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի պարզեցում, ազդակիր համայնքի բնակչության կարծիքի և բիզնեսի շահերի հավասարակշռում: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոր հանք հիմնադրելն ավելի հեշտ է լինելու»,-հետաքրքրվեց Զոլյանը:

Վարչապետը պատասխանեց, որ այո, սակայն այդ թվում հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին: «Հանքարդյունաբերություն պետք է լինի: Սակայն արդյոք հանքարդյունաբերությունը պետք է լինի այնպեսին, ինչպես այսօր է: Ոչ, այդպիսին չպետք է լինի: Այն պետք է լինի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող: Աշխատանքային իրավունքները պետք է հաշվի առնենք, ազդակիր համայնքների կարծիքը պետք է հաշվի առնենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե հանքարդյունաբերությունը համապատասխանում է  բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, ապա կարող են լինել նոր հանքեր, եթե չի համապատասխանում, չեն կարող լինել:

Վարչապետը շեշտեց, որ այսօր մեր տնտեսության կառուցվածքի մեջ մի խոշոր հատվածը գյուղատնտեսությունն է, մի խոշոր հատված` հանքարդյունաբերությունը: « Մեր պատկերացումը հետևյալն է, որ ՀՀ արտահանման ծավալներում հանքարդյունաբերության արտադրանքի տեսակարար կշիռը պետք է գալով նվազի: Պետք է  ավելանա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը»,-նշեց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ նկատեց, որ աշխարհում չկա մի այնպիսի պետություն, որտեղ հանքարդյունաբերություն չկա, պարզապես դա բերվում է հնարավորինս բարձր ստանդարտներին, որ վնաս չհասցնի հանրության առողջությանը: Նա նշեց, որ օգտակար հանածոների խելամիտ օգտագործումը օգուտ է  բերում պետությանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ