Հասարակական

ՀՀ-ում 300 մլրդ դրամ դատական բանավեճային հարթակում է. Վարչապետը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծումների ներդրումը

2 րոպեի ընթերցում

 ՀՀ-ում 300 մլրդ դրամ դատական բանավեճային հարթակում է. Վարչապետը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծումների ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում դատական վեճերի այլընտրանքային լուծումների ու արբիտրաժային համակարգի ներդրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք դատաիրավական համակարգի բարեփոխումների համակարգում չափազանց մեծ կարևորություն ենք տալիս վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմներին և եղանակներին, որովհետև դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ խնդիրներ է ստեղծում նաև տնտեսության համար: Օրինակ՝ այս պահին 300 մլրդ դրամ կա ՀՀ-ում, որը դատական գործընթացների մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ: Այսինքն՝ այն ինչ-որ բանավեճային հարթակում դրված է, և տարբեր մարդիկ վիճում են, թե այդ 300 մլրդ դրամն ումն է, և քանի դեռ այդ վեճը լուծված չէ, այդ գումարը չի կարող դրվել տնտեսության մեջ, և որևէ խնդիր լուծել: Դրա համար մենք շատ կարևորում ենք, որպեսզի հարցերի արբիտրաժային լուծումները և վեճերի լուծման հնարավորինս այլընտրանքային լուծումները էականորեն զարգանան»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովին ներկայացնում է փետրվարի 8-ին գործադիրի կողմից հաստատված Կառավարության ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում