Տնտեսություն

Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել

2 րոպեի ընթերցում

Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական BelTA գործակալությունը, հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը գնալով աճում է: Նա վստահություն է հայտնել, որ կողմերը պետք է անցում կատարեն համագործակցության ավելի բարձր մակարդակի և ստեղծեն համատեղ ձեռնարկություններ: «Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի, ինչպես նաև վերելակների արդիականացման ծրագրին»,- ասել է Անդրեյչենկոն:

Նա հայտնել է, որ վերելակների արտադրությամբ զբաղվող "Могилевлифтмаш" գործարանի պատվիրակությունը պլանավորում է մոտ ապագայում այցելել Հայաստան: Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքով՝ Բելառուսը հույս ունի, որ Հայաստանում համատեղ գործարան հիմնելու որոշում կընդունվի:

Վլադիմիր Անդրեյչոնկոն նաև ընդգծել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում