Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փաշինյանը նպատակահարմար չի համարում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարության վերածելը

Փաշինյանը նպատակահարմար չի համարում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը 
նախարարության վերածելը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է  նշանակում նախարարություն: Նշանակում է, որ այդ ուժային կառուցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ներկայիս կարգավորման արդյունքում ոստիկանության, իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, որ դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: «Իսկ նախարարի դեպքում հայեցողական պաշտոն է: Այս պարագայում կան որոշակի չափանիշներ: Ոստիկանությունը և կառավարությանն առընթեր մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ»,-նշեց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը գնացել է  խորհրդարան ու անձամբ մասնակցել բյուջեի կատարողականի քննարկումներին։ Վարչապետը շեշտեց, որ նախկինում խորհրդարանում ինքն այդ հարցը ևս բազմիցս բարձրացրել էր:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ որևէ նախարարությունը վարչապետին պակաս ենթակա չէ, քան ԱԱԾ-ի կամ Ոստիկանության պետը. բոլոր երկրներում է այդպես:

Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դարձնեն նախարարություններ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am