Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Գեղարքունիքի մարզպետը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկեց համագործակցության հարցեր


ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեց նաեւ Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:

Ինչպես հանդիպման սկզբում նշեց Անատոլի Գոգոտինը, միայն Սոթքի ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատում են 752 հոգի, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Նրանց միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 307 հազար դրամ:Ըստ գլխավոր տնօրենի՝ ընկերությունը, որը Հայաստանում համարվում է չորրորդ խոշոր հարկատուն, ոչ միայն ժամանակին ու անթերի կատարում է իր հարկային պարտավորությունները, այլ նաեւ իրականացնում է սոցիալական աջակցության ու մշակութային նշանակության ծրագրեր՝ համագործակցելով իշխանության պետական ու տեղական մարմինների հետ:
«Մենք պատրաստ ենք առաջիկա ամիսների ընթացքում եւս ավելացնել աշխատատեղերը Սոթքի հանքավայրում, շարունակել համայնքներում սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերը»,-հավաստեց Անատոլի Գոգոտինը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով ընկերության դերն ու նշանակությունը մարզի տնտեսական կյանքում, նշեց այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է ծավալվի համագործակցությունը երկու կողմերի միջեւ:
«Առաջին հերթին մենք պետք է համատեղ ուժերով լուրջ ուշադրություն սեւեռենք բնապահպանական խնդիրներին՝ անելով հնարավորը, որպեսզի հանքավայրի շահագործումից չտուժի շրջակա միջավայրը: Երկրորդ հերթին մենք պետք է շեշտը դնենք աշխատատեղերի ավելացման վրա, որպեսզի Վարդենիսի տարածքի բնակավայրերում կարողանանք նվազեցնել աղքատությունն ու գործազրկությունը եւ բնակչության շրջանում նկատվող դժգոհությունը , որն առկա է հանքի շահագործման նկատմամբ: Համագործակցության երրորդ ուղղությունը վերաբերում է համայնքներում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի աջակցությանը: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը հաջող ընթացք կունենա նշված երեք ուղղություններում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Բնապահպանական խնդիրը մեզ համար եւս ունի առաջնահերթ նշանակություն: Հանքավայրի շահագործումն իրականացվում է բնապահպանական նորմերին համապատասխան, միջազգային փորձագետների գնահատմամբ : Ինչ վերաբերում է աշխատատեղերի ավելացմանը, ապա պետք է ասեմ, որ առաջիկա երկու ամիսներին մենք պատրաստ ենք աշխատանքի ընդունել 50 մասնագետների: Հանքարդյունաբերության ծավալների ավելացմանը զուգընթաց՝ պատրաստ ենք առաջիկայում ավելացնել նաեւ աշխատատեղերի թիվը: Պատրաստ ենք նաեւ աջակցել համայնքներում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացմանը: Այս դեպքում ցանկալի է, որ մեզ ներկայացվեն կոնկրետ ծրագրեր, որպեսզի մեր համագործակցությունն ավելի տեսանելի արդյունք տա»,-նշեց Անատոլի Գոգոտինը:
Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը համագործակցության շուրջ ներկայացրեց իր դիտարկումները, հույս հայտնելով, որ քաղաքի առջեւ ծառացած հիմնախնդիրները կարող են լուծում ստանալ փոխըմբռնման եւ համատեղ աշխատանքի դեպքում:«Մենք ծրագրել ենք հիմնախնդիրների կարգավորումը սկսել Բանավան թաղամասից, որտեղ բնակվում է քաղաքի բնակչության զգալի մասը, եւ որտեղ առավել շատ են կուտակված կենսական նշանակության խնդիրները: Մենք «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը կներկայացնենք ծրագրերի իրականացման առաջարկությունների հստակ փաթեթ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կծավալվի բարձր մակարդակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ