Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Թաթուլ Մարգարյանն արձանագրում է ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի ձևավորումը և հայտնում առաջիկայում բարձր մակարդակի երկխոսության մասին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը արձանագրում է, որ մինչև Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին  համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով: Թաթուլ Մարգարյանը նկատում է, որ համաձայնագիրն հավակնոտ հիմք է ստեղծում ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Ակնհայտորեն այն նաև կարևոր հարթակ է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել համաձայնագրի իրականացմանն ուղղված աշխատանքների, տեղեկություններ է ներկայացրել  ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ձևաչափերում հանդիպումների մասին վերաբերյալ, անդրադարձել է 2019թ. ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին և սպասվող զարգացումներին 2019թ.:

-Պարոն դեսպան, առաջին հարցը, որ կցանկանայինք անդրադառնալ, վերաբերում է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության ընթացքին: Ինչպե՞ս այն կնկարագրեիք:

 ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը ընթանում է բարձր ակտիվությամբ և նշանավորվել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներով և փոխայցելություններով: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո կարևոր է եղել ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավարության միջև ամենակարճ ժամկետներում կապի հաստատումը՝ տարբեր մակարդակներում կայացած բազմաթիվ հանդիպումների և շփումների տեսքով, որոնք կողմերին թույլ են տվել ծանոթանալ միմյանց տեսակետներին և առաջնայնություններին: ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր հանգրվան կարող ենք համարել Բրյուսելում 2018թ. հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նշանակալի էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցերը Բրյուսել, որոնց ընթացքում վերջինս հանդիպել է ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաջին փոխշփումները մեծ կարևորություն են ներկայացրել այն առումով, որ կողմերը բարձր մակարդակում վերահաստատել են համագործակցության վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ողջ ծավալով: Եվրոպական կողմը վերահաստատել է իր օժանդակությունը ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող հարցերում: Իր հերթին հայկական կողմը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում շարունակականությունը:

Ավելին, հենց 2018թ. հունիսին Բրյուսելում տեղի ունեցավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին Գործընկերության խորհրդի նիստը:

Բարձր մակարդակի հանդիպումներից բացի, 2018թ. տեղի են ունեցել նաև ՀՀ կառավարության տարբեր ոլորտների ներկայացուցիչների և ԵՄ կառույցներում քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ, որոնք  կարևոր են եղել ՀՀ նոր իշխանությունների հետ համագործակցության օրակարգի առաջնայնությունների ճշգրտման և կոնկրետ ծրագրերի վերահաստատման առումով:

2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ո՞ր փուլում է գտնվում ներկայումս համաձայնագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

2017թ. վերջին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր, քանի որ այն հավակնոտ հիմք է ստեղծում ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Ակնհայտորեն այն նաև կարևոր հարթակ է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: Այս գործընթացում Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցությունը:

Ինչպես գիտեք ՀՀ Ազգային Ժողովը Համաձայնագիրը վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին, իսկ Եվրոպական Խորհրդարանը հատուկ բանաձևով դրան իր համաձայնությունն է տվել հուլիսի 4-ին՝ կարևոր խթանիչ ազդակ ուղղելով նաև ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին և իրավասու այլ պետական օղակներին Համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Ներկայումս Համաձայնագիրը վավերացրել է ԵՄ անդամ 10 պետություն: Անդամ պետությունների մայրաքաղաքներում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և ակնկալվում է, որ առաջիկայում վավերացումների ցանկը կհամալրվի: Սա ժամանակատար գործընթաց է. օրինակ՝ Վրաստանի պարագայում համաձայնագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից երկու տարի անց, որը համարվում է ռեկորդային կարճ ժամկետ, մինչդեռ Ուկրաինայի պարագայում այն պահանջել է երեք տարի:

Առաջնայինը, անշուշտ, Համաձայնագրի իրականացումն է, որի առումով չափազանց կարևոր էր 2018թ. հունիսի 1-ից դրա ժամանակավոր կիրառման մեկնարկը: Հատկանշական է, որ ժամանակավոր կիրառումը տարածվում է Համաձայնագրի բացարձակ գերակշիռ մասի վրա: Հետևաբար` արդեն այսօր առկա է Համաձայնագրի դրույթների իրականացման համար հսկայական դաշտ, որին էլ ներկայումս ուղղված են երկուստեք ջանքերը:

Համաձայնագրի դրույթների կյանքի կոչման առումով մեծ կարևորություն է ներկայացնում ՀԸԳՀ կիրարկման  Ճանապարհային քարտեզը: Այն հիմնարար փաստաթուղթ է, որը, կարելի է ասել, գործնական, կիրառելի լեզվի է թարգմանում համաձայնագրի հռչակագրային և ընդհանուր իրավական դրույթները, ձևակերպում է կոնկրետ խնդիրներ և նշում դրանց իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները և ստորաբաժանումները, սահմանում է խելամիտ ժամկետներ, մատնացույց անում Համաձայնագրի իրականացման համար ֆինանսական աղբյուրները, մասնավորապես՝ նշված ծրագրերին ԵՄ ակնկալվող օժանդակությունը:

Ճանապարհային քարտեզի նախագիծը մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթ է, որը ոչ միայն ենթադրում է տարբեր ուղղություններով բարեփոխումների և նպատակների սահմանում, այլև, դրանց արդյունավետ համադրումն ու զուգորդումը ՀՀ կառավարության առաջնայնությունների և հայտարարված քաղաքականության համատեքստում:

Ճանապարհային քարտեզի նախագծի մշակման և Համաձայնագրից բխող կետերի իրագործման հարցում մեծ է 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի ղեկավարության ներքո գործող ՀԸԳՀ և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դերը, որն այդ նպատակով պարբերական հանդիպումներ է ունենում: Այդ գործընթացում մեծապես կարևորվում է նաև քաղաքացիական հասարակության դերը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանձնաժողովի համակարգմամբ մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը տրամադրվել է եվրոպական կողմին 2018թ. նոյեմբերին: Նախագծի վերաբերյալ ԵՄ-ն իր բարձր գնահատականն է հայտնել, այդ թվում նաև 2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստի շրջանակներում ընդունված համատեղ հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ այն լավ մեկնարկ է Համաձայնագրի իրականացման համար: Ճանապարհային քարտեզի վերջնականացման գործընթացը ներկայումս շարունակվում է ԵՄ կողմից առաջարկված ժամանակացույցի համապատասխան, որի համաձայն ԵՄ արձագանքները և առաջարկությունները կստացվեն մինչև հունվար ամսվա վերջ:

Կարևոր է նշել նաև, որ առաջարկվող ճանապարհային քարտեզի նախագիծն ընդգրկում է ոչ միայն ժամանակավոր կիրառման տակ ընկնող Համաձայնագրի հատվածները, այլև երկուստեք համաձայնությամբ, նաև այն մասերը, որոնք ուժի մեջ կմտնեն միայն դրա ամբողջական կիրարկումից հետո: Ինչպես տեսնում եք, մինչև Համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով:

ՀՀ-ԵՄ համագործակցության տեսլականի համար և որպես ՀԸԳՀ-ին փոխլրացնող փաստաթուղթ մեծ նշանակություն ունի նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի ստորագրումը 2018թ. սկզբին: Այն մինչև 2020թ. առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնայնությունների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն առաջին պետությունն է, որ ավարտել է այս փաստաթղթի համաձայնեցումը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման տեսանկյունից հարկ է նշել նաև 2018թ. մարտին ստորագրված «ՀՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը», որը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է 2018թ. հուլիսի 11-ին: Այն ընդարձակ հնարավորություններ է ստեղծում հայաստանյան ստեղծագործողների համար:

Պարոն դեսպան, պարբերաբար տեսնում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ձևաչափերում հանդիպումների մասին տեղեկություններ:  Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել թե ի՞նչ հանդիպումներ են տեղի ունեցել և որն է դրանց կարևորությունը:

ԸԳՀ ժամանակավոր կիրառման մեկնարկի համատեքստում տեղի են ունեցել Համաձայնագրով նախատեսված մի շարք երկկողմ նոր, ինստիտուցիոնալ առավել բարձր մակարդակ ունեցող մարմինների հանդիպումներ:

Մասնավորապես, ինչպես արդեն նշեցի, դեռևս հունիսի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության Խորհրդի անդրանիկ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ  նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նիստին մասնակցել են ՀՀ կառավարության և ԵՄ շահագրգիռ գերատեսչությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Գործընկերության խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղված բարձրագույն մարմինն է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: Հանդիպման շրջանակներում, ի թիվս այլոց, վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

 

2018թ. սեպտեմբերի 25-ին Երևանում կայացել է առևտրի հարցերով Գործընկերության կոմիտեի առաջին նիստը, սա կարևոր մի շրջանակ է, որի օրակարգն ընդգրկում է նոր Համաձայնագրի առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո ներառված կետեր, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների առևտրի, մաքսային ոլորտի, մտավոր սեփականության իրավունքների և այլ թեմաների վերաբերյալ: Հանդիպմանը 2018թ. սեպտեմբերի 26-ին հաջորդել է նաև հատուկ ՀՀ և ԵՄ գործարար շրջանակների համար կազմակերպված միջոցառում, որը նպատակ ուներ ներկայացնել ՀԸԳՀ-ով գործարար հատվածին ընձեռվող հնարավորությունները և արտոնությունները: Անկասկած, տնտեսության ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է, և այն առաջիկա տարիներին նախատեսված է ավելի խթանել:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորհրդարանական ձևաչափում նշանակալի իրադարձություն է հանդիսացել 2018թ. հոկտեմբերի 24-ին կայացած ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը: Այս ձևաչափում ՀՀ-ԵՄ գործընկերությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում համագործակցության ընդհանուր շրջանակի մեջ: Ակնկալվում է, որ ՀՀ-ում անցումը խորհրդարանական կառավարման ձևին նոր խթան և որակ կհաղորդի այս համագործակցությանը:

2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի մեկնարկային նիստը, որն ընդհանուր առմամբ ամփոփեց տարին և ձևակերպեց գործառնական եզրակացություններն առաջիկա ամիսներին կողմերի անելիքների կապակցությամբ:

Ինչպես արդեն իսկ ներկայացրեցի, հանդիպման շրջանակներում Կոմիտեի անդամներն առաջին քննարկումն են ծավալել ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ:

2018թ. տեղի են ունեցել նաև երկկողմ մակարդակում տարբեր թեմատիկ ենթակոմիտեների հանդիպումներ, ինչպիսին է օրինակ՝ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 4-րդ նիստը, որը վերջին անգամ գումարվել էր 2014թ.: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացվել են նաև մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի հերթական հանդիպումները:

ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են նաև Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում Բրյուսելում և այլուր կազմակերպվող մի քանի տասնյակ միջոցառումների, Արևելյան գործընկերության ձևաչափում գործող պլատֆորմների և պանելների աշխատանքներին:

Դժվար է, անշուշտ, մեկ զրույցի շրջանակներում ներկայացնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր միջոցառումները և իրադարձությունները, խոսել դրանցում քննարկված բոլոր հարցերի մասին: Ուստի, կսահմանափակվեմ միայն վերը թվարկվածներով:

Ակնհայտ է, որ անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել ծավալուն աշխատանքով, միջոցառումներով և հանդիպումներով: Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել 2019թ.: Արդյոք արդեն կա ձևավորված աշխատանքային օրակարգ նոր տարվա համար և որո՞նք են լինելու հիմնական առաջնահերթությունները: 

Հարկ է նշել, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵՄ բարձր գնահատականը լավ հիմք է հանդիսանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, ժողովրդավարության և մի շարք այլ կարևոր ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

2019թ. համար ուրախ ենք արձանագրել, որ արդեն տարվա սկզբին ունենք ձևավորված բավական հավակնոտ օրակարգ: Առանց փակագծերը բացելու կարող եմ հավաստիացնել, որ այս տարին նշանավորվելու է նաև ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական երկխոսության բարձր մակարդակով և ինտենսիվությամբ: Արդեն իսկ մոտ օրերս մեկնարկ կտրվի մի շարք բարձրաստիճան փոխայցելությունների, որոնք նոր լիցք կհաղորդեն Համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Եթե 2018թ. շատ հարցերում նորորակ՝ առավել ընդլայնված և համապարփակ համագործակցության հիմքերի մշակման տարի էր՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ, Գործընկերության Խորհրդի, Կոմիտեի և Խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային հանդիպումներ, ապա 2019թ. ակնկալվում է, որ կլինի Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով սահմանված նպատակների իրականացման շրջան:

Տարվա ընթացքում նախատեսվում են նաև կարևոր զարգացումներ ԵՄ հետ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության տեսանկյունից: 2019թ. լրանալու է այս ձևաչափի մեկնարկի 10-ամյակը: Հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, իր ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում: Ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ մի շարք ծրագրերի շուրջ:

Հայաստանում նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և 2019թ. մայիսի 23-26-ին Եվրոպական Խորհրդարանի համաեվրոպական ընտրություններով պայմանավորված՝ տարին խոստանում է բավական կարևոր և հագեցած լինել նաև ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Պետք է դրվեն նորակազմ խորհրդարանների միջև համագործակցության հիմքերը՝ էլ ավելի զարգացնելով առկա դրական ավանդույթները:

Այսպիսով, 2019թ. ՀՀ-ԵՄ հարաբերություններն իրենց ակտիվությամբ, բովանդակությամբ և կարևորությամբ խոստանում է լինել առաջընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խորացման ժամանակաշրջան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ