Քաղաքականություն

Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

3 րոպեի ընթերցում

Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում հստակ սկզբունք ունի՝ ընդունել և արձանագրել ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված համամասնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք քննարկում ենք մի հարց, որը շատ բարդ ներկայացվեց: Հարցը չափազանց պարզ է, եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ` հավասար պայմաններում, ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ստիպված լինեի ընտրել երկու քաղաքական ուժերի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետև ես իմ քաղաքական ընտրությունը վաղուց արել եմ: Բայց ես այս ընտրությանը մոտենում եմ այլ տեսանկյունից: Սա քաղաքական դաշտում մեր դաշինքի համար հստակ դիրքավորվելու հարց է, որը պետք է հիմնվի հստակ սկզբունքի վրա: Մի դեպքում կա սկզբունք, մյուս դեպքում չկա, սկզբունքը այն է՝ երբ հարգելով ժողովրդի ընտրությունը «Իմ քայլը» այլ ընտրություն չի կայացնում: Կա սկզբունք՝ ընդունել և արձանագրել ժողովրդի ընտրությամբ արդեն իսկ ձևավորված համամասնությունը»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ այս օրերին եղել են քաղաքական կոնսուլտացիաներ ու որոշակի բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է ԱԺ կարևորագույն հանձնաժողովներից մեկի ղեկավարությունը զիջել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում