Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Միությունն առաջարկում է համայնքների օտարվող հողերի կադաստրային արժեքների վճարումներն ուղղել դրանց բյուջեներ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ համայնքների ֆինանսական կայունության վրա բացասաբար ազդող խնդրի լուծման համար՝ առաջարկելով, որ  համայնքների օտարվող հողերի կադաստրային արժեքների վճարումներն ուղղվեն համայնքայի բյուջեներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկքցրին միության մամուլի ծառայությունից։

«2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որ օտարվող հողերի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ:

Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին  ներկայացվել է գրություն նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու մասին, որի արդյունքում համայնքները 2018 թվականի սկզբից առ այսօր էական միջոցներ են փոխանցում պետական բյուջե՝ կրճատելով համայնքների սեփական եկամուտները։

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես, Երևանում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարվում է Երևան համայնքի բյուջե։ Այդպիսով, կիրառվել է անհավասար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիմումով Նիկոլ Փաշինյանին առաջարկվում է հանձնարարել իրավասու պետական կառավարման մարմիններին մշակել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով ՀՀ հողային օրենսգրքի անցումային դրույթներում հստակեցվի հողամասերի կադաստրային արժեքները համայնքների բյուջեներ վճարելու կարգավորումը:

Միաժամանակ, առաջարկվել է՝ «հաշվի առնելով օրենքի նախագծի մշակման և ընդունման համար պահանջվող  տևական ժամանակը և անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև խնդրով պայմանավորված  համայնքների կողմից շարունակական ու էական ֆինանսական կորուստների հանգամանքը, որպես միջանկյալ լուծում «Երևան քաղաքի օրինակով ընդունել ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որով կսահմանվի հողամասերի կադաստրային արժեքները  համայնքների բյուջեներ վճարելու կարգորոշումը, ինչպես նաև ամրագրվի կարգավորում, որով կապահովվի 2018 թվականից սկզբից մինչ տվյալ որոշման ընդունման պահը պետական բյուջե վճարված ֆինանսական միջոցների վերադարձը համապատասխան համայնքների բյուջեներ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ