1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է նախաձեռնող քաղաքականություն վարել

ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է նախաձեռնող 
քաղաքականություն վարել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ակտիվ և նախաձեռնող քաղաքականություն: «Արմենպրես»-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի հետ ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության 2018 թվականը, և խոսել 2019-ին սպասվող իրադարձությունների մասին:

Բաբայանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը 2018թ. մեծ ակտիվություն է ցուցաբերել ԵԱՏՄ երկրների շարքում: Այդ մասին են վկայում անցնող տարվա ընթացքում Հայաստանի գրանցած ցուցանիշներն ու բարձրացրած հարցերի շրջանակը:

«2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության ընդհանուր արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 11.7%-ով, ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 22.6%-ով: Հատկանշական է այստեղ նշել, որ այս տարվա արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է Միության անդամ գրեթե բոլոր երկրներ՝ բացառությամբ Ղրղզստանի: Օրինակ` Բելառուսիայի Հանրապետություն արտահանումն աճել է մոտ 90%-ով, Ղազախստան՝ 2 անգամ, ՌԴ` 22,6%-ով, արտահանման նվազումը միայն եղել է դեպի Ղրղզական շուկա, այն կազմել է 46%: Այս տարին հատկանշական էր նաև նրանով, որ կառավարության կողմից հավանության արժանացավ ազատ առևտրի 2 համաձայնագիր, որոնք ներկայումս ուղարկվել են Ազգային ժողով`վավերացման: Դրանք են` Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համաձայնագիրը: Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ից և ԵԱՏՄ մյուս երկրներից գրեթե 360 ապրանքատեսակ պետք է արտահանվեն դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն նվազեցված կամ սառեցված մաքսատուրքերով: Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ այդ ապրանքատեսակների քանակը կազմում է մոտ 502»,- ասաց Բաբայանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին ընթացքում են գտնվում և նախատեսվում են ազատ առևտրի համաձայնագրեր նաև Սերբիայի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ: Դրանցից առաջին երկուսն իրենց հանգուցալուծումը կստանան 2019թ., իսկ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ քննարկումների առաջին փուլը կսկսվի հաջորդ տարվա հունվար ամսից:

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակում նախորդ տարվա ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց մի մասը լուծում է ստացել, իսկ մյուսների շուրջ քննարկումները շարունակվում են:

«2019-ից 3%-ով պետք է բարձրանար 3-րդ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն ներմուծված բրնձի մաքսատուրքը: ՀՀ-ն, օգտվելով նրանից, որ ԵԱՏՄ երկրներն ունեն ազատ առևտրի համաձայնագիր Վիետնամի Հանրապետության հետ, Վիետնամից կարողացել ենք ստանալ մասնաբաժին բրնձի մասով և այն սպառված ծավալով, որը սպառում էր Հայաստանի Հանրապետությունը, այսինքն` այդ բրնձի մաքսատուրքի բարձրացումը փորձել ենք չեզոքացնել, ակնկալում ենք, որ գնաճ չպետք է լինի:

Հայաստանի Հանրապետությունն այս երկրորդ կիսամյակում 4 խնդիր է ուղարկել ԵԱՏՄ, որպեսզի դրանք իրենց լուծումները ստանան, մեկի որոշումն արդեն ստորագրվել է, մյուսներն ընթացքի մեջ են: Խնդիրներից մեկը վերաբերում էր դեպի ՌԴ արտահանվող պլանշետներին, բջջային հեռախոսներին: ՌԴ-ում ներկայումս գոյություն ունի մի սահմանափակում, որն ասում է` որպեսզի այդ սարքավորումներն անցնեն սերտիֆիկացման գործընթաց Ռուսաստանի Դաշնությունում, պետք է մեր իրավաբանական անձը Ռուսաստանում ևս ունենա գրանցված իրավաբանական անձ, ինչը թանկացնում է մեր բիզնեսի վարչարարական ծախսերը: Սույն թվականի սեպտեմբեր ամսին փոխվարչապետների խորհուրդը կայացրեց որոշում, որով ՌԴ-ին խնդրվեց, որպեսզի այդ սահմանափակումը վերացվի:

Երկրորդ խնդիրը կապված է Բելառուսի Հանրապետության հետ: Ցանկացած երկրից դեպի Բելառուս ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի արտահանումը պայմանավորված է որոշակի սահմանափակումներով: Այնտեղ պետական ձեռնարկությունները պետք է ներմուծեն նշված ապրանքատեսակները, և դա իրականացվում է մրցույթի հիման վրա, այսինքն` բաշխվում է իրենց ընկերություններին: Որպեսզի մանրածախ վաճառք իրականացվի, այնտեղ պետք է ձեռնարկությունները լիցենզավորվեն, և լիցենզիայի ստացման համար սահմանված են շատ խիստ պահանջներ: Հայկական կողմը դիմել է ԵԱՏՄ համապատասխան հարթակ, որտեղ քննարկվում են երկրների զգայուն խնդիրները, այդ առաջարկներն այնտեղ ներկայացվել են, և հույս ունենք, որ այդ խնդիրներն էլ կլուծվեն»,- նշեց նախարարի տեղակալը:

Անդրադառնալով 2019թ. ԵԱՏՄ-ում Հայաստանի աշխատանքներին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշեց, որ մեր երկիրը շարունակելու է կյանքի կոչել իր որդեգրած քաղաքականությունը:

«ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայումս որդեգրել է ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն, այսինքն` այն խնդիրները կամ անհավասար պայմանները, որոնք ի հայտ են գալիս մեր բիզնեսի առաջ, բոլորն անխտիր ներկայացվում են, և կառավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի այդ խնդիրները լուծվեն: ԵԱՏՄ շրջանակում դեկտեմբերին ստորագրվեց հետագա զարգացման դեկլարացիան, որի շրջանակում պետք է մշակվի միջոցառումների ծրագիր, որոնք ուրվագծելու են ԵԱՏՄ հետագա զարգացման ուղղությունները: Այստեղ կարևոր է այն, որ ՀՀ-ն այն տեսանկյունից, որը կարևոր կլինի իր համար, նախանշելու է միջոցառումները, որպեսզի դրանք ներառվեն գործողությունների ծրագրում»,- ասաց Ալբերտ Բաբայանը:

Նորայր Շողիկյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]