Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքագետները ներկայացրեցին Թուրքիայի  ներքին և արտաքին քաղաքական վերջին գործընթացները՝ ՀՀ անվտանգային մարտահրավերների տեսանկյունից

Թուրքագետները ներկայացրեցին Թուրքիայի  ներքին և արտաքին քաղաքական վերջին 
գործընթացները՝ ՀՀ անվտանգային մարտահրավերների տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում «Թուրքիայի արտաքին և անվտանգային քաղաքականության միտումները. արդի մարտահրավերներ» կլոր սեղան-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ներկայացնելով Թուրքիայի անվտանգային քաղաքականության արդի միտումները՝ նա նշեց, որ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ուշագրավ փոխներազդող գործընթացներ են տեղի ունենում։

«Հաշվի առնելով Հայաստանի անվտանգային միջավայրը բարդ տարածաշրջանում՝ չափազանց կարևոր է դառնում նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների տեսանկյունից Թուրքիայի արտաքին անվտանգային քաղաքականության վերագնահատումը կամ նորովի քննությունը: Վերջին տարիներին մենք տեսնում ենք  Թուրքիայի  ներքաղաքական գործընթացների մեջ ուշագրավ զարգացումներ, գործընթացներ, որոնք ազդում են ոչ միայն  արտաքին քաղաքականության վրա, այլ նաև անվտանգային քաղաքականության վրա, և չափազանց կարևոր է հաշվի առնել ներքին այն գործոնների համախումբը, որոնք  ձևավորում են մերօրյա Թուրքիայի անվտանգային քաղաքականությունը»,- նշեց Հովսեփյանը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդրին՝ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ վերջին շրջանում Հայաստանի հետ հարաբերություններ ունենալու առումով Թուրքիայի մոտ  կայուն է այն նախապայմանը, որ Լեռնային Ղարաբաղի  հարցը պետք է լուծվի  հօգուտ Ադրբեջանի:

«Շատ փորձագետներ դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանի գործոնը հիմնական խոչընդոտ է հանդիսանում հայ-թուրքական հարաբերություններում, սակայն ես այս տեսանկյունը դրել եմ հարցականի տակ, որովհետև ինքս էլ դեռ մտորում եմ և չունեմ վերջնական կարծիք և ձեզ էլ առաջարկում եմ բոլորին մտորել` արդյոք ադրբեջանական գործո՞նն է հիմնական խոչընդոտ»,- նշեց Հովհաննիսյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` քեմալականների առաջին սերունդը Թուրքիան դիտարկում էր որպես թշնամիների կողմից շրջապատված և որպես մի երկիր, որը անընդհատ վտանգի ներքո է:

«Տասնամյակներ շարունակ այդ մոտեցումը Թուրքիայում գոյություն ուներ , մանավանդ, Խորհրդային Միության պայմաններում: Այս մոտեցումը հանգեցրեց այն բանին, որ  1989 թվականին Թուրքիայում ստեղծվեց իրենց առաջին աշխարհաքաղական տեսությունը: Մինչ այդ Թուրքիայում աշխարհաքաղաքականությունը, որպես գիտություն, գոյություն չուներ»,- նկատեց Սաֆրաստյանը:

Քննարկմանը ներկա էին ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]