Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանյան պրեմիերա. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին կհնչի Բրուքների «Ռեքվիեմ»-ը

Հայաստանյան պրեմիերա. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված 
համերգին կհնչի Բրուքների «Ռեքվիեմ»-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և Գյումրիում կանցկացվի համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երևանում համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը՝ սոպրանո, Գրետա Բագիյանը՝ մեցցո սոպրանո, Արամո Մամիկոնյանը՝ տենոր, Կիմ Սարգսյանը՝ բաս:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համերգին կհնչի հայաստանյան պրեմիերա՝ Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել և կատարվել է 1849 թվականին:

« Բրուքների «Ռեքվիեմ»-ը հոյակապ ստեղծագործություն է, և շատ ուրախ եմ, զգացված եմ, որ առաջին անգամ Հայաստանում կկարողանանք այն կատարել: Հույս ունեմ՝ հանդիսատեսը այն շատ կսիրի և կցանկանա, որ հետագայում ևս կատարենք: Ամբողջ երեկոն նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Գյումրիում նախատեսված համերգը կկայանա դեկտեմբերի 7-ին Սև բերդում: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտներ: Երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը՝ սոպրանո, Նարինե Անանիկյանը՝ մեցցո սոպրանո, Տիգրան Օհանյանը՝ տենոր, Արմեն Գրիգորյանը՝ բաս: Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ Գյումրիում ելույթ ունենալը ավանդույթ է դարձել:

«Ես մեծ ցանկություն ունեի, որ Գյումրիի ուժերը նույնպես ներգրավեինք, և այդպես էլ արեցինք: Ստացվում է՝ համատեղ մեծ համերգ ենք անցկացնում: Սովորաբար «Ռեքվիեմ» կատարում են լռության մեջ, առանց ծափահարությունների: Ճիշտ է, այն նվիրված է երկրաշարժի 30-ամյակին, սակայն մենք նպատակ չունենք սգո երեկո դարձնելու, մեր ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է ապրել»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը: Խոսելով Գյումրիի մշակութային կյանքից՝ Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այն պետք է ակտիվ պահել, մանավանդ, որ տեղի ստեղծագործական խմբերի, հասարակության շրջանում կա այդ պահանջը:

«Գյումրին մշակույթի օրրան է, այնտեղ ծնվում են տաղանդավոր մարդիկ, երաժիշտներ, արվեստի բնագավառում բարձրակարգ մասնագետներ: Հասարակությունն ուզում է շփվել բարձր արվեստի հետ, բայց համապատասխան պայմաններ չկան: Ակադեմիական համերգի համար Գյումրին չունի համերգային դահլիճ: Դա թիվ մեկ խնդիր է»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Նազարյանը նշեց, որ դեռ տարվա սկզբից նախատեսել են ունենալ խոշոր միջոցառումներ՝ նվիրված  երկրաշարժի 30-ամյակին:

«Այժմ այդ խոշոր նախագծերն իրագործման փուլում են: Մեզ աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Եվ մենք համատեղ ուժերով Երևանում, Գյումրիում կունենանք բարձր մակարդակի համերգային ծրագրեր»,-ասաց Նորայր Նազարյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանն էլ կարևորեց այս ընդհանուր գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց աջակից բոլոր կողմերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am