Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը այցելել է Ալմելոյի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի հանդիպել հայ համայնքի հետ


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 11-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, ուր հանդիպումներ ունեցավ եկեղեցու խորհրդի վարչության հետ՝ Օնիկ Գելիջիի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում դեսպան Բալայանը հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ներկա գտնվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին։

ՀՀ դեսպանը ծանոթացավ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի գործունեության պայմաններին, զրուցեց դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում ունեցավ Ալմելոյի և հարակից շրջանների հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ, որի ընթացքում նախանշվեցին հետագա համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Կարևորվեց տեղական իշխանությունների հետ համայնքային կառույցների արդյունավետ համագործակցությունը, հայկական ինքնության պահպանման հետ մեկտեղ լիակատար ինտեգրումը հոլանդական հասարակության մեջ, որի խոսուն վկայությունը համայնքի ներկայացվածությունն է քաղաքային խորհրդում։

Դեսպան Բալայանն իր հերթին ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց շուրջ տարվող աշխատանքներին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Խոսելով դեսպանի պաշտոնում իր առաքելության մասին Տիգրան Բալայանն ասաց. «Թեև ֆորմալ առումով ինձ բախտ է վիճակվել լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը և ներկայացնել իմ Հայրենիքը Նիդերլանդներում, իմ հորդորն է ձեզ՝ դուք էլ եղեք նոր Հայաստանի դեսպանը, տարածեք Հայաստանի ուղերձը՝ ժողովրդավար, հզոր և օրինակելի երկիր դառնալու մեր նպատակը ու նպաստենք դրան՝ առաջին հերթին Հայաստանում ներդրումներ կատարելով և աշխատատեղեր բացելով, տարեք ձեր փորձն ու գիտելիքները Հայրենիք»։

Խոսելով հայ համայնքի կարևորության և դերակատարության մասին՝ Տիգրան Բալայանն ընդգծեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված համատեղ ջանքների կարևորությունը։

Դեսպան Բալայանը Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչ Մինաս Արսենյանի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորհդրի ղեկավար Օնիկ Գելիջիի, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Ռոբին Հայկ Գելիջիի ուղեկցությամբ այցելեց նաև ՀՄԸՄ Ալմելոյի կենտրոնի կառուցման համար հատկացված տարածք, ծանոթացավ կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքներին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ