1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկան ունեն

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկան ունեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկաններ ունեն: «Արմենպրես»-ին  ԵՊԲՀ-ից տեղեկացրին, որ  գիտական խորհրդի նիստում հայտարարված մրցույթի արդյունքներով՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետից ընտրվել է ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանը, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետից՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լազար Եսայանը:

Գիտական խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել նաև կրթության որակի բարելավմանը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրել է կրթության որակի բարելավման ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները։

Պրոռեկտորը շեշտել է, որ ուսանողների համար անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը, նրանց կրթական գործընթացի և սոցիալական  կարգավիճակի  բարելավմանն աջակցությունը, ինչպես նաև բժշկական  բարձրագույն կրթության որակի գլխավոր երաշխավորի՝ մասնագիտական բարձր որակավորմամբ և բարոյական արժեքներով օժտված դասախոսական կազմի առկայությունը առաջնահերթություն է պետական բժշկական բուհի համար: Այս դրույթներն ամրագրված են նաև բուհի 2015-2020 թվականների Ռազմավարական ծրագրում:

 Արդեն իսկ  աշխատանքներ են տարվում կրթական  ծրագրերի, դասավանդման մեթոդների, դասախոսական  կազմի ընտրության, որակավորման  բարձրացման  և խրախուսման  քաղաքականության, ամբիոնների  տարածքները և  նյութատեխնիկական  բազան,  ուսանողների  հետ  տարվող աշխատանքները, կրթության   որակի   գնահատման և ապահովման   մեխանիզմները բարելավելու ուղղությամբ:

Զեկուցողն իր ելույթում նաև թվային ցուցանիշներով անդրադարձ է կատարել դասախոսությունների որակին, դասախոսների պատրաստվածությանը, ուսումնական գրականությանը և ուսումնական գործընթացին վերաբերող տասնյակ այլ հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա առաջիկայում էականորեն բարելավել բժշկական կրթության որակը։ 

Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողին: Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել դասախոսությունների ազատականացման, ինչպես նաև թեմատիկ միջառարկայական դասախոսությունների անցկացման վերաբերյալ:  Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ հոկտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում  ԵՊԲՀ-ում անցկացվում են  թեմատիկ միջառարկայական դասախոսություններ: Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված  առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայել է այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձել է դասախոսությունների ընթերցման մեթոդաբանությանը վերաբերող խնդիրներին: Նա նկատել է, որ տեսական առարկաներ ուսումնասիրելուց զատ, ուսանողները վաղ կուրսերից պետք է սերտ առնչություն ունենան նաև կլինիկական ոլորտի մասնագիտությունների հետ, քանի որ կլինիկական աշխարհին հաղորդակից լինելու դեպքում  բժիշկ դառնալու ուղին առավել գրավիչ է: 

Ամփոփելով զեկույցը՝ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ մատնանշված մարտահրավերների հաղթահարումն առավել դյուրին կլինի այն դեպքում, երբ ուսումնական գործընթացի թիվ մեկ ապահովողը՝ ամբիոնը պատասխանատվություն կրի  և դառնա կրթության որակի բարելավմանն ուղղված բոլոր աշխատանքների ակտիվ մասնակիցն ու ապահովողը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]