«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները
1 րոպեի ընթերցում
![«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/951399.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտը Միջազգային ֆինանսական «Աստանա» կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 22-ին կազմակերպում է «Միջազգային ֆինանսական «Աստանա» կենտրոն»-ԵԱՏՄ-ում բիզնեսի համար նոր հնարավորություններ» թեմայով նիստ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, միջոցառումը տեղի կունենա Երևանում` «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ֆորումի շրջանակում: Այն կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների աջակցությամբ:
Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՏՄ երկրների ազգային և առևտրային բանկերի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, բիզնես ասոցիացիաների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների ներկայացուցիչները: