Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկու օտարերկրացի կասկածվում են Երևանի և Հրազդանի բանկոմատներից ավելի քան 24 միլիոն դրամ հափշտակելու մեջ

Երկու օտարերկրացի կասկածվում են Երևանի և Հրազդանի բանկոմատներից ավելի քան 
24 միլիոն դրամ հափշտակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի 17-ին, ժամը 22․15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մաշտոցի 10 հասցեից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին 20-ամյա Դանիել Չիբիզովին: Նրա մոտից հայտնաբերվեց ավելի քան 15.000.000 դրամ: Դանիել Չիբիզովը ձերբակալվել է: 

Ժամեր անց նմանատիպ ահազանգ ստացվեց ոստիկանության Հրազդանի բաժնում: Հայտնում էին, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում տեղադրված բանկոմատի մոտ ինչ-որ մեկը անհասկանալի գործողություններ է իրականացնում: 
Նշված հասցեում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նկատեցին 25-30 տարեկան մի տղամարդու, որը բանկոմատից հանում էր մեծ քանակությամբ գումար և լցնում պայուսակը: Ոստիկաններին նկատելով՝ նա փորձեց դիմել փախուստի, սակայն բռնվեց և գողություն կատարելու կասկածանքով բերման նեթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: 

Պարզվեց նրա ինքնությունը՝ 31-ամյա Անտոն Լոգինով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց մոտ 9 միլիոն դրամ գումար, արտասահմանյան բանկային քարտեր և այլ երկրների թղթադրամներ: Նա ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ: 
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված երկու դեպքերի հանգամանքները պարզելու՝ ինչպես նաև հնարավոր փոխկապակցվածությունն ու հափշտակության եղանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]