Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Փորձագետը տնտեսության առողջացման ամենալավ ցուցանիշ է համարում տարին ներգաղթով ամփոփելը

Փորձագետը տնտեսության առողջացման ամենալավ ցուցանիշ է համարում տարին 
ներգաղթով ամփոփելը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ընթացիկ տարվա վեց ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները տպավորիչ է համարում՝ նշելով, որ գրեթե բոլոր հատվածներում անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճ է արձանագրվել:

«Վեց ամսվա տվյալներում կան ակնհայտ դրական բաներ, որոնցից կարող ենք սպասումներ ունենալ, իհարկե, կան նաև խնդիրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Նրա խոսքով՝  դրականը շինարարության ոլորտի աճն է, բացասականը՝ արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումը: Մասնագետն ուրախությամբ փաստեց, որ կտրուկ նվազել է մեկնողների ու ժամանողների թվի բացասական հաշվեկշիռը: «Նշմարվում է մի երևույթ, որով, հնարավոր է, տարին ամփոփենք ներգաղթով, որը ես կհամարեմ տնտեսության առողջացման ամենալավ ցուցանիշը»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Բագրատ Ասատրյանը նկատեց, որ պետք է օր առաջ լրջորեն մտածել արտահանում/ներմուծում հարաբերակցության առկա պատկերը փոխելու ուղղությամբ: «Այս կիսամյակում դրսևորվեց մի երևույթ, որին տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել՝ արտահանում/ներմուծում հարաբերակցության շեղումը դեպի ներմուծման ծավալների ավելի բարձր տեմպերով աճ: Կարծում եմ՝ սա ամենաբացասական երևույթն է»,- նշեց տնտեսագետը:

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ կառավարության ներկայիս գործունեությունը նախադրյալներ է ստեղծում, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն ավելի մեծ տեմպերով աճի: «Կարևոր ցուցանիշը բյուջետային մուտքերի ավելացումն է: Վեց ամսվա կտրվածքով մենք տեսնում ենք այդ աճը, որի հիմնական մասը վերջին երկու ամսվա հարկային վարչարարության և հարկային ստվերի բացահայտման արդյունքում է գրանցվել: Համոզված ենք, որ երկրորդ կիսամյակում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, որը հնարավորություն կտա տնտեսությունում տեղաշարժեր արձանագրել»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am