Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Օպերային թատրոնը «Կախարդական սրինգը» կներկայացնի Դուբայում և Քուվեյթում


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան կներկայացնի Դուբայում և Քուվեյթում: Թատրոնի արտասահմանյան հյուրախաղերից հետո բեմադրությունը վայելելու հնարավորություն կստանա հայ երաժշտասերը:

 «Արմենպրես»-ը օպերայի մասին զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի, ինչպես նաև օպերային թատրոնի երգիչներ սոպրանո Մերի Մովսիսյանի և բարիտոն Կիմ Սարգսյանի հետ:

Հարություն Արզումանյան, դիրիժոր

Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան Հայաստանում երբևէ չի ներկայացվել: Ժամանակին միայն բեմադրվել էր Մոցարտի «Դոն Ժուան»  օպերան, որը կոմպոզիտորի միակ օպերան էր, որ ներկայացվել էր Հայաստանում: Հունիսի 30-ին նախապրեմիերայի պես մի բան արեցինք՝ բաց հանձնում թատրոնի աշխատակիցների, հարազատների համար: Իրական պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Դուբայի նորակառույց գեղեցիկ օպերային թատրոնում: Սեպտեմբերի 6, 7, 8-ին թատրոնը հանդես է գալու այնտեղ:  

«Կախարդական սրինգի» բեմադրությունը կատարել է իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն: Նա այժմ աշխարհում շատ մեծ ժողովրդականություն է վայելում և բազմաթիվ վայրերում է բեմադրություններ անում: Բեմադրությունը հագեցած է լուսային և լազերային բազում էֆեկտներով:

 «Կախարդական սրինգը» սեպտեմբերի վերջին կտանենք Քուվեյթ: Քուվեյթում երկու ներկայացում պետք է խաղանք. նորակառույց թատրոնի առաջին ներկայացումներն են լինելու: Իսկ դեկտեմբերի սկզբին «Կախարդական սրինգը» կներկայացվի հայ հանդիսատեսին: Դեկտեմբերն ենք ընտրել, քանի որ մինչ այդ մի շարք այլ պրեմիերաներ ունենք:

«Կախարդական սրինգ»-ում հանդես են գալու Լիպարիտ Ավետիսյանը, Պերճ Քարազյանը, Հասմիկ Թորոսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Մերի Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը և այլք: Այսինքն՝ օպերային թատրոնի լավագույն արտիստները և երիտասարդ ուժերը:

Մերի Մովսիսյան, սոպրանո

«Կախարդական սրինգ»-ում մարմնավորում եմ Պամինային: Նա երիտասարդ արքայադուստր է, որին առևանգել է Զարաստրոն: Տամինոն երիտասարդ արքայազն էր, որ սիրահարված էր Պամինային: Այդ սերը և բազում փորձություններ օգնեցին նրանց հաղթահարել բոլոր դժվարությունները և լինել միասին:

Պամինան ինձ համար լուսավոր, դրական արքայադստեր կերպար է: Մեծ հաճույքով եմ կերտել այս դերը: Շատ եմ հավանում օպերան, Մոցարտի ստեղծագործությունը կատարելը յուրահատուկ տեխնիկա է պահանջում: Շատ գեղեցիկ, կախարդական երաժշտություն է:

Օպերային թատրոնի կազմում հյուրախաղերի դեռ չեմ մասնակցել, առաջին անգամ կմեկնեմ հյուրախաղերի:

Կիմ Սարգսյան, բարիտոն

«Կախարդական սրինգ»-ում մարմնավորում եմ Պապագենոյի դերը: Նա ապրում է անտառում, չգիտի, որ այլ մարդիկ գոյություն ունեն: Ինձ շատ է դուր գալիս կերպարը: Հերոսս շատախոս է: Հետաքրքիր, կիսակատակերգական, կիսափիլիսոփայական կերպար է: Բայց այդ թեթև կերպարի ներսում ահավոր ծանր ապրումներ են թաքնված:

Օպերային թատրոնում արդեն 14 տարի աշխատում եմ որպես ջութակահար, և երկրորդ տարին՝ որպես երգիչ: Որպես թատրոնի երգիչ առաջին հյուրախաղս է: Առաջիկայում հանդես եմ գալու նաև այլ դերերգերով:

Նշենք, որ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» երկու գործողությամբ օպերան գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի պատվերով` նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի հիման վրա: Օպերան առաջին անգամ հանրության դատին է ներկայացվել 1791 թվականին և համարվում է կոմպոզիտորի լավագույն օպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ