Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Նման արարքն արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի տարածքների խուզարկության ԱԱԾ տեսանյութի մասին


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով հրապարակված տեսանյութին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ այդ տեսանյութը դիտելուց հետո խորը վրդովմունք է ապրել: «Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դրան արդարացում չկա՝ ուզում է` ես անեմ, ուզում է իմ տղան անի, ով ուզում է անի: Որևէ մեկը չպետք է միջամտի իրավապահների գործողություններին: Պիտի հնարավորություն տրվի, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով ամբողջական քննություն իրականացնեն: Ես իմ երեխայի աչքերի մեջ չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքն արդարացվի: Չեմ ցանկանում հիմա որակում տալ, բայց եթե պարզվի, որ այն, ինչ ԱԱԾ-ն հայտարարել է, այն, ինչ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, ճիշտ է, ու պարզվի, որ այդ ամենի հեղինակը նշված անձն է, դրան արդարացում չկա: Առհասարակ արդարացում չկա պետական բյուջեից փող գողանալուն, բայց զինվորից… Չեմ ցանկանում ավելի բաներ խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Հարցին՝ կողմ քվեարկելո՞ւ է Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությանը, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը հունիսի 19-ին երկրից մեկնում է: «Ես վաղը մեկնում եմ երկրից: Ես հիմա այդ մասին չեմ ցանկանում խոսել: Ես արարքի մասին եմ խոսում: Մենք այս պահի դրությամբ դատախազությունից որևէ միջնորդություն չենք ստացել: Այս պահին Ազգային ժողովում նման փաստաթուղթ չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նաև նշեց, որ շուտով կլինի նաև ՀՀԿ գնահատականը, որը իր անձնական գնահատականից շատ չի տարբերվելու: «Ես այս ամբիոնից բազմաթիվ անգամ խոսել եմ, անդրադարձել եմ բանակից գողության խնդրին, ինչ ասել եմ՝ ուժի մեջ է: Այս արարքին գնահատական պիտի տրվի: Եթե ամեն ինչ հաստատվի, Արմեն Աշոտյանն անձնական ողբերգություն է ապրելու, ինչպես ինքն է ասել, ես՝ անձնական հիասթափություն»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ զինվորի հացը գողացողը ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք, Շարմազանովը պատասխանեց. «Ազգի դավաճան»:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ