Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Հնագետներն այս տարի կուսումնասիրեն Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր «Մհերի դուռ»-ը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը իտալացի և ամերիկացի կոլեգաների հետ կուսումնասիրի Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում գտնվող  ժայռափոր կառույցը` «Մհերի դուռ» անվամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված են, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել: «Կպեղենք, կբացահայտենք, և դուք կտեսնեք ուրարտական ժամանակների Մհերի դռան մի բացառիկ օրինակ»,-ասաց Պավել Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժայռը ոտքից գլուխ պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ հուշարձանի 90 տոկոսը վնասված է:

 «Ժայռի շուրջբոլորն անվերջ բնակեցվել է և ուսումնասիրությունները այդ տարածքում հայտնաբերել են ուրարտական շրջանի, միջին բրոնզեդարյան, երկաթե դարի, վաղ բրոնզի դարի շերտեր: Նման ժայռ կա նաև Վանում: Այն պետք է ուսումնասիրվի և պահպանվի»,-ընդգծեց Պավել Ավետիսյանը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այս տարի հնագիտական պեղումներ կիրականացնի Հայաստանի 29 հուշարձաններում, դրանցից մի քանիսում՝ այս տարի առաջին անգամ: «Այս տարի առաջին անգամ մենք ուսումնասիրություն կիրականացնենք Քարագլուխ հնավայրում, Քոշքում, ինչպես նաև հետազոտությունները կշարունակենք Աղավնաձորում»,-հավելեց Հնագիտության ինստիտուտի տնօրենը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ