Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Նոր կառավարությունից եզդիներն ակնկալում են մեծ ուշադրություն իրենց մշակութային, կրթական հարցերին


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքը սատարում է ժողովրդական շարժմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի կողքին են:

«Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները դրական ենք համարում: Հասարակությունը համախմբվեց, իր խոսքն ասաց և հասավ ժողովրդավարական հաղթանակի: Մենք հույս ունենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարգացման ճիշտ ճանապարհով կտանի»,-ասաց Շեյխ Բրո Հասանյանը:

Հայաստանում եզդի համայնքը մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: Շեյխ Բրո Հասանյանը մի շարք խնդիրներ ներկայացրեց և նշեց, որ ակնկալում են կառավարության աջակցությունը: Մասնավորապես, քանի որ Հայաստանում եզդիները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, հետևաբար ակնկալում են ոլորտի պայմանների բարելավում:

«Արոտավայրերը անասուններին արածացնելու նպատակով ընկերություններին կամ քաղաքացուն տրվում են որոշակի գնով: Այդ գինը 6 տարի առաջ կառավարությունն էր որոշում մասնագետների օգնությամբ, սակայն այդ լիազորությունները հետագայում տրվեցին գյուղապետերին: Վերջիններս, այնպիսի մոտեցումներ են կիրառում, որ արդյունքում անասուններ ունեցող քաղաքացու համար կրկնակի գին է սահմանվում: Ճիշտ կլիներ դա վերանայվեր»,-ասաց նա: Եզդիներն ակնկալում են, որ նոր իշխանություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ լինեն հոգատար, մեծ ուշադրություն դարձնեն իրենց մշակութային, կրթության հարցերին:

Շեյխ Բրո Հասանյանն անդրադարձավ նաև խորհրդարանում Ռուստամ Մախմուդյանի քվեարկությանը: Նա նշեց, որ այս ընթացքում հարցադրումներ են հնչում այն մասին, թե ինչու Ռուստամ Մախմուդյանը չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին: Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ դա եղել է Ռուստամ Մախմուդյանի անձնական որոշումը, նա չի ներկայացրել  եզդի համայնքի դիրքորոշումը:

«Ռուստամ Մախմուդյանը եզդի ազգի ընտրյալը չէ, նրան ընտրել են նախկին իշխանությունները: Հույս ունենք, հաջորդ խորհրդարանական ընտրություններին հնարավորություն կստեղծվի, որ եզդի համայնքն ինքն իր թեկնածուին առաջադրի»,-հավելեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ