Հասարակական

Հրդեհ Երևանի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում. 80 բնակիչ տարհանվել է

2 րոպեի ընթերցում

Հրդեհ Երևանի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում. 80 բնակիչ տարհանվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը խոչընդոտ է առաջացրել փրկարարներին շենքին մոտենալու համար:

Բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու ավտոսանդուղք, մեկ մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա:

Չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակիչ, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը 15 բնակչի և 10 հրշեջ-փրկարարի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը 8 բնակչի ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել` 04:24-ին:

Ամբողջությամբ այրվել են «Lexus» մակնիշի և «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենաները. պետհամարանիշերը և վարորդների տվյալները պարզել չի հաջողվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զսպվածություն, պահպանել անվտանգության կանոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում