Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռազմիկ Դավոյանի պնդմամբ՝ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու

Ռազմիկ Դավոյանի պնդմամբ՝ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, Դավոյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ մերժել է երկխոսությունը, այսինքն՝ նա խոսելու պատրաստ չէ:

«Փաշինյանը, եթե որևէ բան ունենար ասելու, ապա հանդիպման ժամանակ կասեր, իսկ հիմա, եթե նա պատրաստ է մեղայականով հանդես գալու, ապա կարծում եմ, որ այդ պարագայում երկխոսությունը ճիշտ կլինի»,- նշեց Դավոյանը:

Նրա կարծիքով՝ հավաք իրականացնողներից ով էլ ցանկանա իշխանության գալ, ապա դա պետք է միայն աշխատանքով անի, ոչ թե հավաքներով:

«Ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, որ Սերժ Սարգսյանը երթերով կամ հավաքներով չի եկել իշխանության գլուխ, այլ տևական, համառ աշխատանքի շնորհիվ՝ ապահովելով երկրի պաշտպանությունը, միջազգային ասպարեզում երկրի վարկանիշը բարձր պահելով և կողմնակիցներ շահելով աշխարհում»,- շեշտեց Դավոյանը:

Նա նաև անդրադարձավ այն հարցին, որ այս հավաքներին մասնակցող հիմնական մասը երիտասարդներ են և նրանք չեն տեսել նախկին հանրահավաքները, իրենց ծնողներն են տեսել, ու դրանք ավերածություններ են պատճառում ժողովրդին, նրա ֆիզիկական և հոգևոր կյանքում:

«Բացի այն, որ այս ամբողջն անօրինական է, իր հետ բերում է մատաղ սերնդի  հոգևոր աշխարհի ապականություն:  Ես մեր ժողովրդին շատ եմ սիրում, ամբողջ կյանքում եղել եմ նրա ծառան և միշտ, թե՛ սոցիալական վիճակը, թե՛ աշխատանքի հարցերը,  և թե արտագաղթը եղել են իմ ուշադրության կենտրոնում: Ես դեռ չեմ տեսել, որ այս երթի մասնակիցները որևէ կոնկրետ գործ արած լինեն մեր ժողովրդի համար»,- ընդգծեց բանաստեղծը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am