Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել
4 րոպեի ընթերցում
![Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930974.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ընդդիմության առաջնորդներին կոչ է անում իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը բոլորի անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում իր խորը մտահոգությունն է արտահայտում Երևանում իրադարձությունների վերջին զարգացումների կապակցությամբ:
«Մենք դարձյալ գտնում ենք, որ մեզանում առկա խնդիրների լուծման լավագույն ճանապարհը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, որի ընթացքում պետք է քննարկել հանրային կյանքում և քաղաքական գործընթացներում ընդդիմության պատասխանատու մասնակցությունն ապահովելու հավելյալ իրավաքաղաքական անշրջելի երաշխիքների ձևավորման խնդիրը: Ցավոք, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժեց վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցելու նախաձեռնությունը, դրանով իսկ ներքաղաքական զարգացումները տանելով փակուղի: Թեպետ այդ փաստը կարող է որակվել որպես կորսված հնարավորություն, այդուհանդերձ մենք համոզված ենք, որ իրերի զարգացումը իր բանական հուն տեղափոխելու ռեսուրսը դեռևս սպառված չէ, հատկապես, երբ այլևս օրակարգային է ոչ թե ընդդիմություն-իշխանություն հարաբերակցության խնդիրը, ոչ թե մեզանում առկա խնդիրների ռացիոնալ լուծումները գտնելու խնդիրը, այլ այն, որ իրադարձությունների նման ընթացքը իրական վտանգի է ենթարկում երկրի անվտանգության, տարիների ընթացքում ձևավորված, ինստիտուցիոնալ մեր կարողությունները: Կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը մեր բոլորիս անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ մեզանում առկա արատների համակարգային լուծումները ուրվագծելու և դրանցում ընդդիմության ազդեցիկ մասնակցությունը երաշխավորելու հարցերի շուրջ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: «Արմենպրես»-ը-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:
ՀՀ արդարադատության նախարարությունն հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել: Նախարարությունը հիշեցրել է, որ հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշմանը չենթարկվելու կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն: