Մշակույթ

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ  

2 րոպեի ընթերցում

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ  

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն: «Հանրապետության ծնունդը» խորագրով ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի եւ Սփյուռքի թանգարանների եւ անձնական հավաքածուների եզակի այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք են հուշամեդալները, պաստառները, եզակի հրատարակությունները, պատմական լուսանկարները եւ այլն:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը նշեց, որ ցուցադրությունը ստեղծվել է ինչպես թանգարան-ինստիտուտում պահվող բնօրինակ նյութերի, այնպես էլ այլ հաստատությունների եւ մասնավոր հավաքածուների բացառիկ նշանակության նյութերի հիման վրա:

«Սա մի ցուցադրություն է, որը կոչված է ներկայացնելու Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը… Հանրապետությունը, անկախությունը, ի տարբերություն մեր հարեւանների, ոչ թե սկուտեղի վրա մատուցվեց, այլ հռչակվեց արյան գնով, դժվարագույն պայքարի արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Ցուցադրված են Ավետիս Ահարոնյանի ոսկե գրիչը, որով ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, հայկական բանակին եւ պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ, Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալը… Ներկայացված են նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի ձեռք բերած ցուցանմուշներ: Դրանց շարքում են վերջերս բացահայտված բացառիկ նշանակության ապակե նեգատիվները, որոնք ներկայացնում են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունները: Նեգատիվները թանգարան- ինստիտուտին է հանձնել ֆրանսիական նավատորմի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան:

Ցուցադրույթը բաց կլինի մինչեւ հունիսի 5-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում