Մշակույթ

Պատմության խոսուն վկաները. «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված գավաթը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում

3 րոպեի ընթերցում

Պատմության խոսուն վկաները. «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված գավաթը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 8ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված ոսկե գավաթը, որը Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն 1974թ. հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին, պատրաստված է 5830 հարգի ոսկուց, դրված է փայտյա պատվանդանի վրա, ունի կափարիչ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ այն ակումբին նվիրել են բեյրութահայերը: «Կափարիչի վրա ֆուտբոլի գնդակ է: Գավաթի մակերեսին Արարատ լեռան պատկերն է՝ գնդակի հետ երկու ֆուտբոլիստի պատկերներով: Վրան գրություն է. «Երախտագետ սփյուռքին կողմե հայրենի ախոյան և բաժակակիր «Արարատին»-ին. նախաձեռնություն «Արարատ» օրաթերթի, Լիբանան-1973»»,-ասաց նա:

Հայաստանի պատմության թանգարանում է պահվում նաև «Արարատ» ակումբի նշանավոր գնդակը, որով նրանք նվաճեցին հաղթանակը: Այն թանգարանին է նվիրել «Արարատ» ակումբը 1973թ.: Գնդակի վրա իրենց ստորագրությունն են թողել հաղթանակած թիմի անդամներն ու մարզիչները:

Հայկական ֆուտբոլը փառքի օլիմպոսին հասցրած «Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1935թ.` Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ: Հիմնադրման ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ», 1938 թ-ին ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թթ. կրկին վերանվանվում է«Սպարտակ», իսկ 1963 թվականիցմինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։

1971 թվականիցսկսվում են «Արարատ»-ի վերելքի տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի մարզիչն է դառնում ԽՍՀՄ-ում ճանաչված ֆուտբոլիստ,Մոսկվայի«Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, փայլուն մարզիչՆիկիտա Սիմոնյանը։

1973թ. իր պատմության ընթացքում առաջին անգամ «Արարատ»-ը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին «Հայկական ֆուտբոլի բում»։Ցուցաբերած խաղի համար ակումբն արժանացել է 4 թիմային մրցանակի՝ «Ագրեսիվ հյուր», «Գրիգորի Ֆեդոտովի անվան», «Մրցանակ մեծ հաշվի համար» և խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության համար: Ակումբի ութ ֆուտբոլիստներ ընդգրկվել են ԽՍՀՄ առաջնության մրցաշրջանի «33 լավագույնների» ցանկում:

Խորհրդային տարիներին «Արարատ» ակումբում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: 70-ական թվականների պատմական հաղթանակներում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Արկադի Անդրիասյանը, Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, Էդուարդ Մարկարովը, Ալյոշա Աբրահամյանը և «Արարատ-73»-ի բոլոր մյուս ֆուտբոլիստները, ովքեր, անկասկած, ֆուտբոլի աստղեր էին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում