1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ծանրամարտի դոպինգ սկանդալի հետքերով. կողմերի պարզաբանումները  

Ծանրամարտի դոպինգ սկանդալի հետքերով. կողմերի պարզաբանումները

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը պաշտոնից հեռացվելուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեցին իրենց պարզաբանումները:

Ես այնքանով եմ մեղավոր, որ Սոնան իմ աշակերտն է. Արման Ղազարյան (Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ)

«Ես տեղյակ չեմ, ես Սոնային հարցնում եմ, ինքն ասում է, որ նման բան չի արել: Ես այնքանով եմ մեղավոր, որ Սոնան իմ աշակերտն է: Ինչ ասեմ, կախեք ինձ, վերջացնենք: Այսքան մեդալներ եմ նվաճել իմ սաների միջոցով, մի ՞թե իմ ձեռքով կավերեի»:

Սոնան պետք է պատասխանի, թե ինչու, որտեղ և ինչի համար է ընդունել այն. Արտաշես Ներսիսյան (Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ)

«Ամենաքիչը ես գիտեմ, թե ինչ է կատարվում: Շատ վատ բան է կատարվել, որի պատասխանը ես չեմ էլ կարող տալ: Եթե լաբորատորիան ասում է, որ Սոնան ընդունել է այդ դոպինգը, ապա ես ինչպես կարող եմ ասել` ոչ: Եթե ընդունենք այնպես, որ Սոնան, այնուամենայնիվ, օգտագործել է այդ դոպինգը, ապա հիմա ինքը պետք է պատասխանի, թե ինչու, որտեղ և ինչի համար է ընդունել այն: Միայն Սոնան գիտի, ինքն ընդունե՞լ է այդ խթանիչ միջոցը, թե ոչ: Չէի  ցանկանա, որ 15 տարվա աշխատանքով ձեռք բերված անունս ջուրը գնար այսպիսի անփառունակ ձևով: Իմ ստեղծագործությունն է եղել կանանց ծանրամարտի թիմը: Մոտ 200 մեդալ ենք նվաճել թիմով: Ափսոս է հավաքականը, որը տարիների աշխատանքի արդյունք է»:

«Արմենպրես»-ը փորձում է կապ հաստատել նաև Սոնա Պողոսյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:

Նախօրեին «Արմենպրես»-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

Նման որոշում կայացվել է օրեր առաջ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ընդլայնված նիստի ժամանակ: Նույնիսկ քննարկվում է Ներսիսյանին և Ղազարյանին ծանրամարտից ընդհանրապես հեռացնելու հարցը: ՀԱՕԿ գործկոմի նիստում որոշվել էր (դեռևս 2013 թվականին) խիստ քայլերի դիմել խթանիչ միջոցներ օգտագործողների դեմ: Սակայն 2013 թվականից ի վեր դոպինգ թեստերից ոչ մեկը դրական պատասխան չէր ունեցել՝ մինչև օրերս արձանագրված դեպքը:

ՀԱՕԿ-ն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարություններով:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2: Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: IWF-ը (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսումնասիրությունից հետո:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]