Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայաստանն այլևս չի կարող հպարտանալ կարմրուկի տեղական դեպքերի վերացմամբ. տարեսկզբից գրանցվել է 14 դեպք

Հայաստանն այլևս չի կարող հպարտանալ կարմրուկի տեղական դեպքերի վերացմամբ. տարեսկզբից գրանցվել է 14 դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմրուկի 14 հաստատված դեպք է գրանցվել Հայաստանում տարեսկզբից: Հիվանդության տարածմանը նպաստել են պատվաստումներից հրաժարումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Պատվաստումներով կառավարվող հիվանդությունների առումով մենք իսկապես հպարտանում էինք: Հայաստանը սահմանափակ միջոցներով մեծ հաջողությունների էր հասել: Տարածաշրջանում միակ երկիրն էր, որտեղ 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր չէին գրանցվում: Սակայն ներկայում խնդիրներ ունենք՝ պայմանավորված պատվաստումից հրաժարումներով: Ցավոք, այս տարեսկզբից արդեն կարմրուկի 14 հաստատված դեպք ունենք: Հիվանդներից 12-ը պատվաստված չեն, իսկ  մեկը 6 տարեկանի համար նախատեսված դեղաչափը դեռ չէր հասցրել ստանալ: Հիվանդությունը գրանցվել է տարբեր տարիքային խմբերում՝ նույնիսկ մինչև 48 տարեկան»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ կարմրուկի տարածմանը նպաստում են չպատվաստված երեխաների կուտակումները: Իրենց նպատակն է, պատվաստման բարձր ընգրկում ապահովելով, կարողանալ ազդել վիրուսի շրջանառության վրա: Սակայն տարեցտարի ավելի մեծ թվով երեխաներ չեն պատվաստվում: Եվ ոչ պաշտպանված օրգանիզմների թիվն ու վիրուսի հանդիպելու հավանականությունը մեծանում է:

Սահակյանի կարծիքով՝ պատվաստումների կրճատման պատճառները ոչ մասնագետների կողմից հակապատվաստումային ակտիվ պայքարն ու համացանցում տեղ գտած թյուր տեղեկատվությունն են:

Կարմրուկի ցանը սկսում է դեմքից և տարածվում ողջ մարմնով: Ուղեկցվում է գրիպով, ջերմության շատ բարձրացմամբ՝ մինչև 41 աստիճան: Լինում են նաև հազ, փռշտոց, աչքերի բորբոքում: Կարող է զարգանալ բարդություն՝ կարմրուկային թոքաբորբ:

Կարմրուկով վարակվելու դեպքում կորչում է նաև իմունային հիշողությունը: «Սա նշանակում է, որ մարդը դառնում է խոցելի նույնիսկ այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ պատվաստվել է: Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս: Այն հիմնականում կուտակվում է ուղեղի անոթների շուրջը և իմունային համակարգի թուլացման դեպքում 7 տարվա ընթացքում կարող է ակտիվանալ»,- նշեց ազգային ծրագրի ղեկավարը:

Կարմրուկի դեմ պատվաստումներն իրականացվում են 12 ամսականում և 6 տարեկանում: Պատվաստումից հետո ջերմության բարձրացումը նորմալ երևույթ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am