Հասարակական

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը սպասված իրադարձություն է. La Stampa-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը սպասված իրադարձություն է. La Stampa-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականն անդրադարձել է Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը գրում է, որ արձանի բացման արարողությանը ներկա է լինելու կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

La Stampa-ն նշում է, որ բացմանը մասնակցելու նպատակով Վատիկան կժամանի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ով այդ օրն առավոտյան ընդունելության կարժանանա Հռոմի պապի կողմից: Ավելի ուշ, կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը կընդունի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Վատիկանի սրտում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը Նախագահ Սարգսյանի ցանկությունն էր, որի մասին նա բարձրաձայնել էր 2016 թվականի հունիսին, երբ Ֆրանցիսկոս պապը ժամանել էր Հայաստան՝ «առաջին քրիստոնյա երկիր»: Այցի ժամանակ Հայաստանի ղեկավարը Հռոմի պապին էր նվիրել Նարեկացու արձանի մանրակերտը՝ ի նշան երախտագիտության այն բանի, որ 2015 թվականին Գրիգոր Նարեկացուն շնորհվել էր Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում:

La Stampa-ն գրել է նաև, որ ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ տեղադրվելիք արձանի հեղինակը նույն ճարտարապետն է, ով հեղինակել էր Պապին նվիրված մանրակերտը:

Նարեկացու արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում