Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ստեփանակերտի ընկալելիությունը Վաշինգտոնում

Ստեփանակերտի ընկալելիությունը Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր վերլուծականում անդրադարձել է ԱՄՆ-ի քաղաքական միջավայրում  Արցախի ընկալմանը և այդ գործոնի՝ ԱՄՆ-ի ու միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վրա ազդեցությանը։ «Արմենպրես»-ը Շահան Գանտահարյանի հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ.

Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ եւ կոնգրեսականներ) կարեւորագույն ուղերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված եւ հետեւողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության եւ պետականություն կերտելու ազգային, քաղաքական եւ իրավական հիմնավորումների եւ այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:

Այս բոլոր հիմնադրույթների ներկայացման ընթացքում օգտագործվել են միջավայրի կողմից դյուրին ըմբռնելի թեմաներ, խնդիրների արծարծման առանցքներ, համապաատասխան եզրաբանություն, որոնք այս դեպքում ամերիկյան քաղաքական միջավայրում գտել են ճիշտ ընկալելիություն:

Հիշեցումը, որ ԱՄՆ-ի օրենսդիր թեւը առաջիններից էր, որը քվեարկել է եւ ընդունել Սումգայիթն ու ադրբեջանական ջարդարար քաղաքականության այլ դրսեւորումները դատապարտող փաստաթղթեր, մի օրինակ է արցախյան եւ ամերիկյան դիրքորոշումների համատեղելիությունը շեշտելու առումով: Քաղաքական հռետորության արվեստի օրինակները շարունակվում են նախագահ Սահակյանի խոսքում, երբ ընդգծվում է արցախյան կողմի կառչած լինելը երկխոսության, բանակցային գործընթացին, հետեւաբար նաեւ դիրքորոշումը` պատերազմի մերժման եւ ուժի բացառման: Ադրբեջանի ներկայացումը իբրեւ հայությունը բնաջնջելու առաջադրանք ճշտած ահաբեկչական պետություն եւ իբրեւ այդպիսին տարածշրջանին ու մարդկությանը սպառնացող երեւույթ, կապվում է ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական միջազգային դաշինք ձեւավորած լինելու իրողությանը:

Բայց` ամենահիմնականը․ նախագահ Սահակյանն ընդգծում էր Վաշինգտոնի միակ պետություն լինելու հանգամանքը, որը ֆինանսական օժանդակություն է տրամադրում Արցախին: Որքան էլ հակափաստարկներ հնչեն, այնուամենայնիվ պաշտոնական Ստեփանակերտի եւ Արցախի Հանրապետւթյունը ներկայացնողների իրողական ճանաչումով կարող է մեկնաբանվել երեւույթը:

Նման մասնակի իրականության շեշտադրումն է նաեւ քաղաքային եւ նահանգային մակարդակների վրա սկսած Արցախի Հանրապետության ճանաչման շղթայի գերակշռող մասը ԱՄՆ-ը տեսնելու նախագահի պաշտոնական հայտարարությունը: Այստեղ եւս որքան էլ առարկվի, որ ամերիկյան նահանգների եւ քաղաքների ճանաչումները միջազգային իրավաչափական հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ դրանք հիմնովին նպաստում են նախ ընդհանուր ճանաչելիությանը, ապա ամերիկացի նահանգային եւ քաղաքային պաշտոնատարների, վաղվա սենատորների եւ կոնգրեսականների Ստեփանակերտ այցերին: Այս շղթան, իբրեւ որդեգրված ռազմավարության շոշափելի գործնականացումների շարք, անպայման Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող գործընթաց է: Նախագահի համոզմամբ էլ ԱՄՆ-ը այստեղ գերակշռող մասն է ապահովել։ ԱՄՆ-ը առաջին հորիզոնականում է։

Այդ պատճառով էլ Բաքուն լուրջ անհանգստություն է ապրում, որը այս առիթով արտգործնախարարություն է կանչում տեղի ամերիկացի դեսպանին, բողոքի հուշագիր է ուղարկում Վաշինգտոն կամ միջազգային հետախուզման դիմում է ներկայացնում Հայ Դատի Եւրոպայի պատասխանատուի դեմ։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցերը ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա կամ այլ երկրներ, ինչպես նաեւ ամերիկացի թե եւրոպացի կամ ավստրալիացի օրենսդրականների, նահանգային-քաղաքային բարձրաստիճան պաշտոնատարների ժամանումները Ստեփանակերտ, իրականանում են քաղաքական ենթահողերի նախապատրաստությամբ: Այդ ենթահողերի ձեւավորումներում հիմնարար դեր են ստանձնել Հայ Դատի գրասենյակները:

Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում տեսանելի այս տեղաշարժերը կարեւոր նախադրյալներ են, որոնք կարող են կտրուկ զարգացման միտումներ դրսեւորել, երբ Բաքուն եւ տվյալ պետությունը հայտնվեն շահերի բախման կետերի դիրքերում. այս դեպքում` հարաբերակցաբար Վաշինգտոնի: Իսկ հավանական այդ զարգացումների համար անհրաժեշտ են նախադրյալներ ձեւավորող քաղաքական ենթահողեր: Այդ ենթահողի պատրաստության մեջ իբրեւ կարեվոր ներդրում կարելի է դիտարկել Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]