Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Սպիտակ Տանը և Կոնգրեսում

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Սպիտակ Տանը և Կոնգրեսում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ շարունակվում է։ Մարտի 9-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպիտակ Տանը և Կոնգրեսում ։ Մասնավորապես Սպիտակ Տանը պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը պատվիրակության անդամները Քրոֆթին ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընդգծվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարություններ անելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական արձանագրություններին և դրանց հետկանչմանը, ինչպես նաև՝ ներկայացվել են Եվրոպական միության հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագրի մանրամասները։ Պատվիրակության անդամները նշել են , որ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։

Նույն օրը Կոնգրեսում պատվիրակությունը հանդիպել է Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ։

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քայլերը և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում