Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը: Հետևաբար, ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- նշեց Բաբլոյանը:

Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկով, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ: «Խորհրդի նիստի որոշումը ձեզ հետագայում կտրամադրվի»,- եզրափակեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլի 9-ին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները և նոր նախագահը կստանձնի իր լիազորությունները, հրաժարական կներկայացնի նաև ՀՀ կառավարությունը:

ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում