Քաղաքականություն

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լիբանանի նախագահին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Լիբանանի նախագահը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև Միշել Աունը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում, ինչպես նաև արծաթափայլ եղևնի տնկեց Հիշատակի ծառուղում:

«Այն, ինչ ես տեսա այս թանգարանում, սարսափելի պատկերներ էին և շոշափելի վկայություններ, որոնք փաստում են հայ ժողովրդի պատմության արյունոտ ժամանակաշրջանի մասին: Սարսափելի ջարդերը, որոնք աննախադեպ են, հորդորում են ինձ ընդգծել այն ամենը, ինչ պետք է արվի հիշողության բյուրեղացման և արդարության վերականգնման համար, կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի համար: Իմ խորին հարգանքը վեհանձն հայ ժողովրդին, որը, չնայած ցավին ու տառապանքներին, կարողացավ հպարտության արժանի հայրենիք կառուցել և համալրել հինավուրց քաղաքակրթության ժառանգությունը ավելի լավ ապագա կերտելու ճանապարհին»,- գրել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում