Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին  

Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը 
շախմատային Հայաստանին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC պարբերականն անդրադարձել է Հայաստանին` աշխարհում առաջին երկրին, որը 2011 թվականից դպրոցներում ներդրել է շախմատը որպես պարտադիր առարկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն հոդվածի`շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող գրոսմայստերների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի:

Հոդվածագիր Էմմա Լևինը պատմությունը սկսում է այսպես. «Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողմերից ու փրկության ոչ մի ելք չկար: Թագավորի գրավումն անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ» հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»: Ըստ Լևինի` դա զարմանալի չէր, քանի որ Միքայելը մի քանի օր առաջ դարձել էր դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող: Նա շախմատ խաղում է 5 տարեկանից, սովորել է հայրիկից ու պապիկից, հետո արդեն դպրոցում՝ շախմատի դասերի ընթացքում: Շախմատային հարթակում նրա հերոսներից է Լևոն Արոնյանը: «Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի միջազգային պարտիաները, որպեսզի կատարելագործի իր կարողությունները»,-ասում է տղայի մայրը սուրճի սեղանի շուրջ:

Երևանի Շախմատի դպրոց չհասած` Օղակաձև այգում, Էմմա Լևինը միանում է մարդկանց խմբին, ովքեր դիտում էին զրուցատաղավարում շախմատ խաղացող մեծահասակ տղամարդկանց, իսկ արդեն Շախմատի տանը հայտնվում մի սրահում, ուր 200 երեխա խորասուզված էր խաղի մեջ: «Սրահում լռություն է, երեխաների պահվածքը` կատարյալ` առանց պոռթկումների և բղավոցների: Բոլորը խորը ներգրավված են խաղի մեջ` պրոֆեսիոնալներին հատուկ դեմքի լուրջ արտահայտությամբ: Երեխաներն իրենց ամեն շարժը գրանցում են նոթատետրերում: Հանկարծ տասնամյա Դավիթը սխալվում է, արցունքներ են հայտնվում աչքերին, նրա ուսն է գրկում մոր պես հոգատար մարզիչ Մարիան, ով ժպտալով ասում է. «Ամեն ինչից զատ նրանք երեխաներ են»,-գրում է հոդվածագիրը:

Հետո նկարագրում է, որ երեխաներին ներքևում համբերատար սպասում են նրանց ծնողները, տատիկներն ու քեռի-հորեղբայրները, ու անկախ ելքից` հաղթանակ, պարտություն կամ ոչ-ոքի, բոլորն էլ գրկախառնության են արժանանում:

Էմմա Լևինի աչքից չէր վրիպել, որ Շախմատի տան դիմաց 1963-1969 թթ. աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է: «Հայաստանը միշտ օգտվել է շախմատի հետ ունեցած ամուր կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին մեզ համար»,-լրագրողին ասում է Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Հոդվածագրի խոսքով` Լպուտյանը դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դարձնելու գործընթացում շարժիչ ուժ է եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: «Ո՞րն էր պատճառը» հարցին Լպուտյանը պատասխանում է. «Շախմատն արդար խաղ է, երեխաները, սովորելով մաքուր և պատվավոր այս խաղը, լավ վարքագիծ են ձեռք բերում: Երեխան կարողանում է ընդունել ռազմավարական որոշումներ` կշռադատում է իրավիճակը, ապա քայլ կատարում: Կարծում եմ` սա շատ մեծ օգուտ է հասարակության համար»:

Հոդվածում ներկայացվում է, որ Հայաստանի դպրոցներում դասավանդում է ավելի քան 3 հազար որակավորված շախմատի ուսուցիչ: Ըստ Լպուտյանի` շատ երկրներ ևս ցանկանում են ընթանալ այս ուղիով: Օրերս էլ աշխատանքներն է սկսել Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սոցիոլոգները, հոգեբաններն ու այլ մասնագետներ կուսումնասիրեն շախմատի ազդեցությունը սովորելու գործընթացի վրա:

«Այս ամենի շնորհիվ Միքայելն ու հազարավոր երեխաներ օգնում են Հայաստանին տեղավորվել շախմատի աշխարհի քարտեզի վրա: Ես գոնե կարող եմ մխիթարվել, որ ինձ հաղթել է ապագա գրոսմայստերը»,-պատմությունը եզրափակում է Էմմա Լևինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]