Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը Հայաստանում առկա մարտահրավերները հաղթահարելու համար ազգային երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Արմեն Սարգսյանը Հայաստանում առկա մարտահրավերները հաղթահարելու համար 
ազգային երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, ինչի համար ազգային երկխոսություն է անհրաժեշտ:

«Եվ ինչ-որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որևէ մեկը չենք կարողանալու լուծել: Եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինի և ոչ յուրայինի, տեղ չենք հասնի: Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է: Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք չենք էլ պատկերացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, արդար հասարակություն ձևավորելու, սոցիալական արդարության հասնելու, աղքատների և հարուստների բևեռացումը վերացնելու անհրաժեշտություն կա: «Մենք պետք է դառնանք երկիր, որտեղ աղքատությունը պետք է վերանա, որտեղ յուրաքանչյուր անձ կկարողանա արժանապատիվ աշխատանքով իր ընտանիքը պահել, կդառնա ավելի բարեկեցիկ: Մարտահրավերներ ունենք կրթության և պաշտպանության ոլորտում: Դրանք մենք չենք կարողանա հաղթահարել, եթե ազգային երկխոսություն չլինի»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը, նա պետք է դառնա այն անձը, ով կսկսի այդ երկխոսությունը, որպեսզի հայությունը նորից սևի և սպիտակի, աղքատի և հարուստի, հայաստանցու և սփյուռքահայի չբաժանվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am