Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Համապետական, մարզային ու մայրաքաղաքային. հայտնի է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են բուռն թափով: Դրանք կունենան համապետական բնույթ, տոնին ներգրավված կլինեն մարզերը և իհարկե քաղաքամայր Երևանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները, ծրագրված միջոցառումները և դրանց իրականացման համար բյուջեով նախատեսված գումարի չափը:

-Պարոն Ստեփանյան, ե՞րբ է տրվել հոբելյանական միջոցառումների մեկնարկը, որի համար ստեղծված է պետական հանձնաժողով:

- Այո, ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ ՀՀ վարչապետի մոտ 2017 թվականի մայիսի 12-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատ­րաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ։

Նիստում քննարկումների արդյունքում որոշվել է հանձնարարել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և առաջարկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման  հայեցակարգային մոտեցումները, իսկ  ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարել՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հետ համատեղ ամփոփել միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժո­ղովի անդամներից ստացված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ գրավոր առաջարկությունները և ըստ այդմ հաջորդ նիստին ներկայացնել միջոցառումների ծրագրի նախագիծ։ Նշված հանձնարարականները կատարվել են և կազմվել է տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծը։

- Ինչպիսի՞ն է միջոցառումների ծրագիրը: Խնդրում ենք ներկայացնել հոբելյանական հանդիսությունների աշխարհագրությունը:

- Միջոցառումների ծրագրի նախագիծը պայմանականորեն բաժանված է 3 մասի, որոնք են. տոնին նվիրված խոշոր համապետական միջոցառումներ, միջոցառումներ՝ ըստ ՀՀ մարզերի և իհարկե Երևան քաղաքում անցկացվելիք միջոցառումներ։

Միջոցառումների ծրագրի նախագծով նախատեսված է կազմակերպել և անցկացնել՝ Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա՝ այցելություններ հուշահամալիր և հանդիսավոր միջոցառումներ Սարդարապատի հուշահամալիրում՝ բեմականացումներով տոնական միջոցառումների կազմակերպում, Հայաստանի պատմության թանգարանում՝ ցուցահանդես «Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» վերտառությամբ, միջազգային գիտաժողով՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, մեծ համերգ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթ հանրակրթական ուսումնական հաստատություններում (ներառյալ սփյուռքահայ համայնքներում), 100-ամյակի կարգախոսի և խորհրդանիշի հաստատում (մրցութային կարգով)՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ընդհանրության, հանրության շրջանում անկախ պետականության, ազգային միասնության և հաղթանակի ուղերձների միասնական ընկալումների ձևավորման նպատակով (աշխատանքները արդեն իսկ ավարտված են), տոնական միջոցառումներ 10 մարզկենտրոններում. համերգային ծրագիր` հանրաճանաչ պարային համույթների, երգիչ/երգչուհիների մասնակցությամբ և հրավառություն:

Բացի դրանից, ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Առաջին Հանրապետության 100-ամյակը» խորագրով առանձին բաժին, նախատեսվում է հավաքագրել և հրապարակել Առաջին Հանրապետությանը նվիրված պատմավավերագրական նյութեր՝ դրանք լայնորեն տարածելով նաև Սփյուռքի լրատվամիջոցներում:

Նախատեսվում է Հայաստանի հանրային ռադիո և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների կողմից իրականացնել գրաֆիկական խորհրդանշական ձևավորումներ, «Առաջին հանրապետություն 100» հաղորդումների շարք՝ նվիրված 1-ին Հանրապետության անկախության կայացմանը և ձեռքբերումներին, խոշոր միջոցառումների հեռարձակում, ցուցադրել օրվա խորհուրդը կրող այլ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

 ՀՀ մարզերի մշակութային և կրթական կազմակերպություններում նախատեսվում է իրականացնել տոնին նվիրված այլ միջոցառումներ.

Համերգային և թատերահամերգային ծրագրեր են կազմակերպվելու Երևանի  վարչական շրջաններում, ինչպես նաև կազմակերպվելու են  վետերանների, արցախյան հերոսամարտի մասնակիցների մեծարման հանդիսավոր միջոցառումներ։

-Որքա՞ն գումար է տրամադրվելու պետական բյուջեից նախատեսված տոնական հանդիսությունների ու միջոցառումների համար:

-ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով ստեղծված  տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովին հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիրը՝ կցելով դրա իրականացման նախահաշիվը, ինչպես նաև ՀՀ կառավարությանը հանձնարարվել է սահմանված կարգով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսել տոնին նվիրված միջոցառումների անցկացման համար ֆինանսավորման անհրաժեշտ միջոցներ, որի հիման վրա տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված  է 700 մլն դրամ։

- Ինչպիսի՞ միջազգային ներգրավվածություն կունենան տոնակատարությունները, ներկայացուցչական ի՞նչ պատվիրակություններ կժամանեն Հայաստան:

- ՀՀ ԱԳՆ համապատասխան հանձնարարականներ է ուղարկել արտերկրում ՀՀ դեսպանություններին և մշտական ներկայացուցչություններին՝ իրազեկելու սփյուռքի հայկական համայնքներին Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ առկա ծրագրերի նախագծերը առաքվել են Սփյուռքի համայնքներին,  ՀՀ սփյուռքի նախարարությունը Սփյուռքի համայնքներին պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված միջոցառումների վերաբերյալ` հորդորելով նմանատիպ միջոցառումներ կազմակերպել նաև համայնքներում:

ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական www.mindiaspora.am կայքում բացվել է «Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» բաժինը, որտեղ տեղադրվել է ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիրը, նախատեսվում է տեղադրել նախատեսված խոշոր միջոցառումների ծրագիրը, ՀՀ մարզային միջոցառումների ծրագիրը, մարզային համերգների ժամանակացույցը, երևանյան միջոցառումների ծրագիրը և այլն:

- Ներկայումս միջոցառումների կազմակերպման աշխատանքները ո՞ր փուլում են:

- Ինչպես նշեցի, արդեն ամփոփված են Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կարգախոսի և խորհրդանիշի մրցույթի արդյունքները՝ մրցույթում 1-ին մրցանակին է արժանացել «Մեցցո փրոդաքշն» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Գայանե Սաղոյանի հեղինակած աշխատանքը, 2-րդ մրցանակին արժանացել է Կարապետ Փաշյանի աշխատանքը, իսկ խրախուսական մրցանակին՝ «Ֆեքթըրի փրոդաքշն» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Վազգեն Պողոսյանի հեղինակած աշխատանքը։

ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Առաջին Հանրապետության 100-ամյակը» խորագրով առանձին բաժին։ Լրամշակման փուլում է գտնվում   ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով ստեղծված պետական  հանձնաժողովի ուղերձը՝ նվիրված տոնին։ Կազմվել է ՀՀ բոլոր 10 մարզերում կազմակերպվող համերգների ժամանակացույցը, պայմանավորվածություններ են ձեռք բերվում անվանի կատարողների և երաժշտական կոլեկտիվների հետ համերգներում մասնակցելու հետ կապված։ Կազմակերպական աշխատանքները ընթացքի մեջ են (ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում խորհրդակցություններ՝ տոնական միջոցառումների կազմակերպման հետ կապված  առանձին հարցերի վերաբերյալ)։  

Լիլիթ Ասատրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ