1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տրանսպորտի թանկացում չի նախատեսվում, պատրաստ կլինեն մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները. Մարտիրոսյանն ամփոփել է տարին

Տրանսպորտի թանկացում չի նախատեսվում, պատրաստ կլինեն մարզերի 
չվացուցակներն ու երթուղիների սխեմաները. Մարտիրոսյանն ամփոփել է տարին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2018 թվականին կշարունակի մի շարք գերակա համարվող ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ տանել: Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում 2018 թվականին պիլոտային ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում։ Մարզային տրանսպորտի բարեփոխումների, ճանապարհաշինության, հաջորդ տարվա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, 2017 թ. համար ոլորտում ի՞նչ գերակա ծրագրեր էին նախանշված, որոնք արդեն իրականություն են, և ի՞նչ ծրագրեր կիսատ մնացին:

-Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2017 թվականին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության ոլորտներին առնչվող բոլոր 12 միջոցառումներն ու 10 գերակա խնդիրները կատարվել են ամբողջությամբ: Մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական զննման, տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման, տաքսամոտորային և կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացները կանոնակարգելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել մի շարք օրենքների նախագծեր:

Կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու նպատակով մշակված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Դրանից բացի, ոլորտում ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների հետ կնքվել են հուշագրեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտները խթանելու, ինչպես նաև «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը գործարկելու ուղղությամբ: Անավարտ ծրագրեր չկան, սակայն, կան ծրագրեր, որոնք շարունակական են: Օրինակ, ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերը, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, միասնական երթուղային ցանցի, «Խելացի քաղաք» ծրագրերը և այլն:

-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»: Ի՞նչ փուլում է գտնվում ճանապարհի շինարարական աշխատանքները և արդյոք շինաշխատանքները բնականոն հունով ընթանում են:

-Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ուղղություններով  ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն ավարտվել են, ճանապարհը հանձնվել է շահագործման 2016թ. հունիսին: Ներկայում կապալառուի կողմից իրականացվում է ճանապարհի երաշխիքային սպասարկում:

Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները շարունակվում են: Իրականացվում են հողային աշխատանքներ (լիցք, հանույթ), արհեստական կառուցվածքների շինարարություն և ճանապարհածածկի բետոնե պատվածքի աշխատանքներ:

-Ի՞նչ փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն-Սադախլո» անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի շինարարությունը:

-Ներկայում ավարտին է մոտենում տեխնիկական հսկողության ծառայությունների գնման մրցութային գործընթացը:

Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող ճանաչված ընկերություն, որը կիրականացնի նախագծային և շինարարական աշխատանքները: Ընկերության հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է:

Նախագծային աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ. հունվարին: Աշխատանքների տևողությունը կկազմի 7 ամիս: Նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց տևողությունը, ըստ նախագծի, կկազմի մեկ տարի: Կամրջի շահագործման հանձնման նախատեսվող ժամկետը, ըստ պայմանագրի,  2019 թվականի վերջն է:

-Պարոն նախարար, կխնդրեի ներկայացնել, թե առաջիկայում  ինչ բարեփոխումներ են նախատեսվում տրանսպորտի ոլորտում: Տրանսպորտային պարկի թարմացումներ նախատեսվու՞մ են արդյոք: Հնարավո՞ր է առաջիկայում տրանսպորտի թանկացում:

-Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում նախատեսվում ենք 2018 թվականին պիլոտային ծրագիր իրականացնել Արմավիրի մարզում։  Այդ նպատակով ուսումնասիրել ենք Արմավիրի մարզի ուղևորահոսքը,  որի հիման վրա մշակվել են երթուղիները և չվացուցակները։

Կառավարությունը հավանություն է տվել նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման տեխնիկական առաջադրանքին։

Ներկայում աշխատանքներ են տարվում հանրապետության հարավային համայնքների՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի երթուղային ցանցերը մշակելու ուղղությամբ։

Մինչև 2018թ. առաջին եռամսյակի ավարտը պատրաստ կլինեն բոլոր մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները։

Միասնական երթուղային ցանց ձևավորելու նպատակը հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելն ու տրանսպորտային ցանցի թարմացումն է։ Առաջիկայում տրանսպորտի թանկացում չենք նախատեսում։

-Կմանրամասնե՞ք Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծման ծրագիրն ինչ փուլում է:

-Կառավարության համապատասխան արձանագրային որոշման համաձայն՝ այս ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Այսօր մենք բանակցում ենք միջազգային տարբեր ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով:

-Բավականին վերջերս հանդիպեցիք «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին: Ինչ սպասենք առաջիկայում այս հարցի հետ կապված, արդյոք որոշակի փոփոխություններ կլինեն որոշման մեջ:

-«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները մեզ ներկայացրել են իրենց առաջարկությունների փաթեթը, որն էլ քննարկել ենք միջգերատեսչական հանձնաժողովում: Որոշումների նախագծերը խմբագրվել և կրկին ներկայացվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը՝ առավել համակողմանի կարծիք ստանալու համար:

-Կխնդրեի նշեք, թե 2018 թվականին ի՞նչ գերակա ծրագրեր կան օրակարգում, որոնք նախարարությունը կիրականացնի:

-2018թ. համար նախարարությունը սահմանել է ոլորտում գերակա համարվող այն խնդիրները և միջոցառումները, որոնք բխում են ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրից և ուղղված են տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածք­ների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակությունն  ապահովելուն, ճանապարհային տնտեսության կառավարման համակարգը կատարելագործելուն, ճանապարհների որակն ու անվտանգությունը զգալիորեն բարելավելուն, ինչպես նաև ՏՀՏ և կապի ոլորտի ենթակառուցվածքները բարելավելուն, դինամիկ զարգացում ապահովելուն,  նոր  աշխատատեղեր  ստեղծելուն և  ձեռներեցությունը խթանելուն, բնակչության զբաղվա­ծության, ձեռնարկատիրության և տարածքային համաչափ զարգացումն ապահովելուն:

-Առջևում Ամանոր է: Որտե՞ղ և ու՞մ հետ եք այս տարի դիմավորելու Ամանորը: Ձեր տոնական բարեմաղթանքը մեր հայրենակիցներին:

-Ամանորը սիրում եմ դիմավորել ընտանեկան և ընկերական միջավայրում: Իսկ մեր հայրենակիցներին ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում լինի լույս, ջերմություն և ուրախություն:

Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]