Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է
2 րոպեի ընթերցում
![Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917152.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը կարող է կաշկանդել փաստաբանին կատարելու իր մասնագիտական պարտականությունները: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խնդրահարույց է համարում Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա մինչև 100 հազար դրամի սահմաններում տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը:
«Այսօր գործող իրավակարգավորման պայմաններում փաստաբանի և դատախազի նկատմամբ չի թույլատրվում տուգանք նշանակել: Մենք հասկանում ենք, որ այդ կարգավորումը նպատակ ունի կանխել հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, որը կարող է ենթադրաբար դրսևորվել փաստաբանի կամ դատախազի կողմից, սակայն անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու երաշխիքներ չունենք»,- նշեց Զոհրաբյանը:
Զոհրաբյանի կարծիքով` դատավորը հանգիստ կարող է փաստաբանին սույն օրենսգրքով նախազգուշացնել, այնուհետև կիրառել դատական տուգանք:
«Ընդ որում, այդ դատական տուգանքի մասին որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա է կատարման: Բացի այդ, դրա բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման կատարումը»,- ասաց Զոհրաբյանը:
Ըստ Փաստաբանների պալատի նախագահի` պետք է տրվեն այնպիսի երաշխիքներ, որպեսզի փաստաբանները անբարեխիղճ դատավորների «ձեռքի տակ» չընկնեն:
Զոհրաբյանն առաջարկում է այդ կարևոր օրինագծերի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ մասնագիտացված քննարկում կազմակերպել:
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր նոր Դատական օրենսգիրքը: Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին կողմ է քվեարկել 64 պատգամավոր: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: