1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուհ-գործատու համագործակցության հայաստանյան նոր մոդելը հավանության է արժանացել եվրոպական ֆորումում

Բուհ-գործատու համագործակցության հայաստանյան նոր մոդելը հավանության է 
արժանացել եվրոպական ֆորումում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհ-գործատու համագործակցության հայաստանյան նոր մոդելը մեծ ուշադրության է  արժանացել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումում: Մոդելը հնարավորություն է տալիս գործատուի հետ խոսելուց և պահանջներն իմանալուց հետո դրանք ներկայացնել բուհին՝ նպաստելով կադրերի ճիշտ պատրաստմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նոր մոդելի մասին խոսեց դրա հեղինակը՝  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

«Աշխատաշուկայում պահանջված ծրագիր ստեղծելու համար բուհերը պետք է շփվեն գործատուների հետ: Սակայն հաճախ գործատուի և բուհի շփման արդյունքում ընդհանուր լեզու գտնելը դժվար է լինում, քանի որ գործատուն ցանկանում է, որ խոսեն իր լեզվով, իսկը բուհը խոսում է իր տերմիններով: Մենք փորձել ենք գտնել երկու կողմերի «ընդհանուր լեզուն»: Մշակել ենք մի ծրագիր, որպեսզի հասկանանք, թե գործատուն ինչ արտադրանք է ստեղծում, ինչ պահանջներ ունի և այն ներկայացնենք բուհին: Դրա արդյունքում բուհը կփոխի կրթության որոշ տարրեր»,-ասաց Թոփչյանն ու հավելեց՝ մոդելի հիմքերը դրվել են դեռ 3 տարի առաջ, սակայն այն գործնական կիրառություն է ստացել նախորդ տարվա դեկտեմբերից: Ներկայում այն հղկման փուլում է:

 Նրա կարծիքով, շրջանավարտների՝ գործատուի պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ է, որ ուսումնառության ընթացքում նրանց այնպիսի հանձնարարություններ տան, որոնք պահանջում է գործատուն: Գործատուի ներկայացրած մոդելը բուհում դառնում է ուսանողին գնահատելու  առարկա:

Կենտրոնը տեսանկարահանում է գործատուների հետ քննարկումը, այնուհետև այն ներկայացնում բուհի դասախոսներին: Ունենում են երկու հանդիպում՝ առաջինի ընթացքում դիտում են նկարահանված նյութը, երկրորդում՝ կատարում են քննարկումներ, դասախոսներն անում են առաջարկներ՝ որը կիրառեն, որը՝ ոչ: Մոդելը գործում է ՏՏ և թարգմանչության ոլորտում: Ներկայում աշխատում են 5 բուհի՝ ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի հետ երկու ծրագրով:  ԵՊԼՀ-ում սկսելով թարգմանչական մասնագիտությունից՝ ծրագիրը շուտով կտարածվի նաև բուհի բոլոր մասնագիտությունների վրա: Տնտեսագիտության ոլորտում ևս հետաքրքրություն կա մոդելի նկատմամբ:

«Քանի որ մենք ձևավորում ենք միջնորդի մոդելը, հետևաբար բուհն ինքն է ուսումնասիրում իր գործատուների շրջանակը, առաջարկում գործատուների ցանկը, որոնց հետ էլ մենք համաձայնությամբ աշխատում ենք: Արդեն բանակցել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 և թարգմանչության ոլորտի 2  խոշոր գործատուների հետ: Բոլոր գործատուների հիմնական պահանջը աշխատողների պատասխանատվությունն է իրենց կատարած գործի արդյունքի նկատմամբ»,-ասաց Թոփչյանը:

Ամեն տարի կազմակերպվում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորում, որում բուհերը և որակի ապահովման կենտրոններն իրենց փորձն են ներկայացնում, կիսվում միմյանց խնդիրների շուրջ:  Ֆորումի մասնակցության 50 ծրագրերից ընտրվել էր նաև Հայաստանի հայտը: «Մեր մոդելը ֆորումի շրջանակում հավանության արժանացավ: Կային ներկայացուցիչներ Շվեյցարիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ֆինլանդիայից, Անգլիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից: Գրեթե բոլորն էլ հավանության արժանացրին մեր ծրագիրը: Շատերը մանրամասներ են խնդրել մոդելն իրենց երկրներում ևս կիրառելու համար: Ֆինների հետ ներկայում ավելի սերտ կապեր ունենք: Մենք նրանց ուղարկել ենք ավելի մանրամասն նյութեր, որպեսզի կիրառեն այն»,-ասաց տնօրենը:

Քանի որ ֆորումում, նաև հետագայում ֆորումի կայքում հրապարակված նյութերը մեծ հետաքրքրություն են առաջացրել, առաջիկայում մոդելի մասին նյութ կհրապարակվի եվրոպական «Ձեռնարկատիրական հմտությունների և աշխատանքային փորձի ներառում բարձրագույն կրթությունում» ծրագրի կայքում (WEXHE):

«Որակի ապահովման կենտրոնները հաճախ դիտվում են պարզապես որպես ստուգող օրգաններ: Մենք փորձում ենք ձևավորել մի մոդել, ձևաչափ, որի արդյունքները կդառնան հավատարմագրման առարկա»,- եզրափակեց Թոփչյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]