Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Տարկետում լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է. Վիգեն Սարգսյանը՝ տարկետումը սահմանափակող օրենքի դեմ հանդես եկող ուսանողներին

Տարկետում լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է. Վիգեն Սարգսյանը՝ 
տարկետումը սահմանափակող օրենքի դեմ հանդես եկող ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընթացիկ տարվա  ապրիլ ամսից հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի՝ մտավորականության, ուսանողների, ԶԼՄ-ների և այլ շերտերի հետ: Այդ մասին Սարգսյանը նշեց կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ վերը նշված օրինագծի դեմ հանդես եկող ուսանողների հետ հանդիպմանը:  Մանրամասն նկարագրվել են օրենքի բոլոր կետերը: Ըստ նախարարի, օրինագծի շուրջ կազմակերպվել են մարզային քննարկումներ, ստացվել է 1000-ից ավելի առաջարկ: «Վստահեցնում եմ, նման փորձ, որ օրինագիծն այսքան մանրամասն քննարկվի, չենք ունեցել: Տարկետում անպայման լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Ես վստահ չեմ՝ դուք օրենքի նախագիծն ամբողջությամբ կարդացե՞լ եք, թե՞ ոչ: Հուսով եմ, որ կարդացել եք, որովհետեւ դուք ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն հասարակությանն իրազեկելու և մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ, իսկ դա իր հետ բեռ է կրում»,- ասաց նա: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքում պետությունը և նրա ամենակարծր կառույցը՝ բանակն առաջին անգամ քաղաքացուն 4 այլընտրանք է առաջարկում, և եթե ուսանողները գտնում են, որ կա կատեգորիա, որը պետք է բանակում չծառայի, ապա ինքը դեմ է այդ մտքին: «Այդ 4 ընտրությունները և ծախս են, և բեռ, բայց դրանք խորը մտածված առաջարկություններ են, որոնք ուղղված են երկիրն առաջ տանելուն, այլ ոչ թե մարդկային ռեսուրսն ավելացնելուն, դրա համար կան շատ կանոններ: Մենք դրա փոխարեն մոտ 500 տեղ հատկացնում ենք տարեկետմանն՝ այն ուսանողների համար, ովքեր 18 տարեկանում որոշում են գնալ բանակ՝ որպես սպա, այլ ոչ թե որպես շարքային: Եթե դուք ելնում եք նրանից, որ կա կատեգորիա, որը պետք է չծառայի, ապա ես դրա հետ սկզբունքորեն համաձայն չեմ ու որևէ ցույց, դասադուլ ինձ հակառակի մեջ չի համոզի»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:      

Նախարարը համարում է, որ պետության ճկունությունն ու բանակի արդյունավետությունը պետք է լինի նրա մեջ, որ վերջինս կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ ու ասել՝ դու ընտրիր, ինչպես ես ցանկանում  ծառայել:

«Այսօր մենք բանակն արդիականացնելու խնդիրն ենք փորձում լուծել, մշակում ենք 7-ամյա ծրագիրը, եթե դա չանի երիտասարդ գիտնականը, ապա ո՞վ պետք է անի: Սա է այս օրենքի տրամաբանությունը: Այն, թե մարդը լուրջ գիտնական է ցանկանում դառնալ 18 տարեկանից, պետք է 9 տարի չծառայի, որովհետև նրա կրթությունը պետք է լինի անընդհատ, ես դրա հետ համաձայն չեմ»,- շեշտեց նախարարը:  

Հանդիպմանն ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ: 

Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող կառավարության մոտ յոթ տասնյակ  որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am