Հասարակական

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը 

7 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսվի հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ հավելելով. «Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունը ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը նորից սկսել:

Մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ անձը մեկից ավելի հայտ ներկայացնելու հիմքով զրկվի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ:

Գրանցման համար անհրաժեշտ է 6 ամսից ոչ ավելի վաղեմության լուսանկար: Այն հայտերը, որոնցում կլինի անցյալ տարվա հայտում օգտագործված լուսանկարը, չեն մասնակցի խաղարկությանը: Գրանցումից հետո անհրաժեշտ է պահել հաստատման թերթիկը, որտեղ մասնակցի եզակի համարանիշն է:

Հայտը լրացվում է էլեկտրոնային եղանակով խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Հայտի կարգավիճակը՝ շահել-չշահելու հանգամանքը հնարավոր կլինի ստուգել dvlottery.state.gov կայքում 2018թ. մայիսի 15-ից սկսած մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը: Այս մասով որևէ հետաձգում այս պահին չի սպասվում:

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր այն մարդիկ, ովքեր համապատասխանում են մի քանի շատ հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ, ովքեր հնարավորություն են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են անձամբ լրացնել իրենց հայտերը կամ այլ անձի օգնությամբ: Կապ չունի անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, տվյալ անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը: Վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածաշրջաններում, ընդ որում խաղարկվող վիզաների մեծ մասն ուղղվում է այն տարածաշրջաններին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Խաղարկային վիզաներ չեն տրվում այն երկրների քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ունեցել են 50.000 և ավելի ներգաղթողներ դեպի ԱՄՆ: Տարածաշրջանից որևէ երկիր չի կարող ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7%-ից ավելին:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճարում են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցման հաստատման թերթիկը՝ եզակի համարանիշով, պետք է պահել:

Զգուշացեք խաբեությունից. Խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ

Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է, որ զգալիորեն ավելացել են շրջանառվող փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակները: Այս նամակների հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից: Բոլորին օգտակար կլինի ծանոթանալ Դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից պատրաստված Խաղարկային վիզաների հետ կախված խաբեության մեխանիզմների մասին տեղեկանքին: Նաև խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզայի ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք երբ և ինչ պետք է սպասել և ումից:

ԱՄՆ կառավարությունից մասնակիցները կարող են ստանալ էլեկտրոնային նամակ-հիշեցում ծրագրի կայքում հայտի կարգավիճակը ստուգելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ կառավարությունը երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնի շահելու մասին լուրը: Շահել-չշահելու փաստը մասնակիցները կարող են պարզել ծրագրի պաշտոնական կայքում՝ օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Դա հնարավոր կլինի անել 2018թ. մայիսի 15-ից: Եզակի համարանիշի միջոցով dvlottery.state.gov կայքում հայտի կարգավիճակը ստուգելիս շահող մասնակիցները հենց այնտեղ էլ կգտնեն հետագա հրահանգները, որոնց հիման վրա կներկայացնեն ներգաղթային վիզայի դիմում իրենց և ընտանիքի՝ ներգաղթելու իրավասություն ունեցող անդամների համար: Ներգաղթային վիզայի հարցազրույցների մասին տեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կեղծ կայքերի, էլեկտրոնային նամակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://travel.state.gov/content/visas/en/general/fraud.html էջի հաճախակի տրվող հարցերի բաժնում:

Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Ներգաղթային վիզայի իրավասությունը որոշվում է հարցազրույցի միջոցով:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2019-ի հրահանգներում, որոնք զետեղված են http://travel.state.gov/content/visas/english/immigrate/diversity-visa/instructions.html էջում»:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում