ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում Ներսես Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Այցի ընթացքում կրկին արձանագրվել է, որ Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ՝ կապված նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:
Ներսես Պողոսյանը ներկայացրել է նաև իր քրեական գործի դատական քննությանն առնչվող խնդիրներ, որոնք դուրս են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից:
Ներսես Պողոսյանի՝ հացադուլում գտնվելու հետ կապված նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկել իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է գտնվում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում