Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ՀՀ կառավարությունը կշարունակի սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է  նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները մշտապես գտնվել են Հայաստանի Կառավարության ուշադրության կենտրոնում: «Սիրիահայերի հետ մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ վերջիններս բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, լավ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ուստի որոշեցինք Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղափոխված անձանց համար կազմել հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ: Այն իրականացրինք ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով», - նշեց նախարարը:

Այնուհետև սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Պարոն Եորդեկյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը ՀՀ կառավարության և այլ կառույցների հետ համագործակցաբար կշարունակվի նաև 2017-2018թթ. ուսումնական տարում: 

«ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի սիրիահայերի աջակցության ծրագրերի համակարգող Անահիտ Գասպարյանը խոսեց իրենց հիմնադրամի կողմից սիրիահայերին տրամադրվող աջակցության մասին:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ներկայացրեց Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի ներկա վիճակը: Նա տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում տարբեր միջոցառումներում սիրիահայ երեխաներին ընդգրկելու հարցին:

Քննարկվեց երևանյան որոշ դպրոցներում արևմտահայերենի դասընթացներ կազմակերպելու հարցը:

Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին՝ զեկուցողն ասաց, որ ամեն տարի՝ ամառային ճամբարների նախաշեմին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվում են ճամբարների կազմակերպման հարցում համագործակցության հնարավոր տարբերակները: «Այս տարի սիրիահայ երեխաները հանգստացան «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրենց համար կազմակերպված ամառային ճամբարում, ինչպես նաև Սևանի, Հանքավանի «Արագած» և «Շողիկ», Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի «Գուգարք» ճամբարներում: Ընդհանուր առմամբ, 2017թ. կազմակերպվեց 171 սիրիահայ երեխայի հանգիստը», - նշեց Անտոնյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստանի տարբեր ճամբարներում սիրիահայ երեխաների հանգստի կազմակերպումը՝ նշելով, որ այն նպաստում է նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության ամրապնդմանը, մտավոր զարգացմանը և բերկրանքի պահեր է  հաղորդում երեխաներին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին, որոնք այս տարիների ընթացքում մշտապես եղել են սիրիահայ երեխաների կողքին և հորդորեց վերջիններիս գալիք տարվա բյուջեն կազմելիս՝ նախատեսվող ծրագրերում ընդգրկել առանձին բաղադրիչ՝ սիրիահայ երեխաների ամառային ճամբարների կազմակերպման համար»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ