Նախագահը մասնակցել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնական միջոցառումներին
12:45, 2 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
Երեկոյան Նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին:Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում