Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Եթե տարիներ առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց  ծնվում էր 115-120 տղա, ապա ներկայում այդ հարաբերակցությունը փոխվել է: 2016 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Այսինք` այս ցուցանիշը երեք կետով նվազել է: Բնական հարաբերակցությունը համարվում է 100 աղջկա դիմաց 105-106 տղայի ծնունդը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ներկայացնելով «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտություն»-ը, նշեց, որ հասարակության շրջանում երեխայի սեռով պայմանավորված հարցերի վերաբերյալ մոտեցումը ինչ-որ չափով փոխվել է:

«Վերջին տարիներին իրականացվող լայնածավալ քարոզարշավը տալիս է իր արդյունքները: Մենք մեծ օժանդակություն ստացանք պետական կառույցներից, մասնավորապես, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Երբ սկսում էինք այս հետազոտությունը, խնդիրն այն չէր, որ միայն ժողովրդագրական վատ ցուցանիշների մասին խոսեինք, մենք այստեղ բարձրացրեցինք ազգային անվտանգության հարցը: Դրսում հարցում անցկացնելու ժամանակ շատերը կասեն տղա է պետք, որովհետև զինվոր է, բայց երբ խորանում ենք հարցերի մեջ, մարդիկ գալիս են այն մտքին, որ այդ զինվորներին ծնող մայրեր են պետք»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արմեն Գալստյանը:

Իրականացված քարոզարշավի հիմնական նպատակն էր երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրի գլխավոր ուղերձը հասարակությանը տեղ հասցնելը, հասարակության իրազեկվածությունը բարձրացնելը: Արդյունքները տեսնելու համար, մասնագետները հետազոտությունը սկսել են իրականացրել 2016 թվականին և ավարտել` 2017 թվականի սկզբին: Հարցմանը պատահական ընտրանքով մասնակցել է 15-45 տարեկան 1920 երբևէ հղիացած կին: Հարցումն անցկացվել է հանրապետության 34 քաղաքում:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի խոսքով, հարցումները ցույց են տվել, որ միջավայրում ավելի շատ են նախապատվությունը տալիս տղա երեխային, քան բուն ընտանիքներում:

«2011 թվականին հարցված կանանց  60 տոկոսը նշում էր, որ իր շրջապատն է ավելի շատ նախապատվությունը տալիս տղա երեխային, այսինքն` ճնշումները, ազդեցությունն այդտեղից էին: Վերջին հարցումները ցույց տվեցին, որ հարցվածների 36.7 տոկոսն է նշում միջավայրի նախապատվության մասին: Այսինքն` տեսնում ենք, որ խնդիրն ավելի շատ գալիս է միջավայրից, քան ընտանիքներից»,- ասաց Վահան Ասատրյանը:

Չնայած որոշ դրական ցուցանիշների, ամեն դեպքում Վահան Ասատրյանն ընդգծեց, երևույթը դեռ շարունակում է մնալ մտահոգիչ, հատկապես գյուղական վայրերում, որտեղ, սկսած առաջին երեխայից, նախապատվությունը տրվում է տղայի:

Որպես պատճառներ կանայք նշել են այն, որ տղան տոհմի շարունակողն է, տղան ունեցվածքի ժառանգորդն է, չնայած իրավական համակարգում այդ հարցի հետ կապված որևէ խտրականություն չկա: Նշվել է նաև, որ տղան հայրենիքի պաշտպանն է:

Ի՞նչ անել խնդիրը մեղմելու համար, միգուցե օրենսդրական դաշտը բարելավվի՞. դիտարկմանն ի պատասխան, մասնագետները նշեցին, որ օրենսդրությունը որևէ լուծում որևէ երկրում չի տվել, այստեղ սոցիալական լուծումներ են անհրաժեշտ, փոփոխություններ` հասարակության մտածելակերպում, ծնելիության մակարդակի բարձրացում, կնոջ ու տղամարդու դերերի հավասարություն, աղջիկ երեխայի արժևորում և այլն: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ