Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գինու տոն, «Տնջրե», ԷյրՖեսթ. Արցախը զարկ է տալիս միջոցառումային տուրիզմի զարգացմանը

Գինու տոն, «Տնջրե», ԷյրՖեսթ. Արցախը զարկ է տալիս միջոցառումային տուրիզմի 
զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային հնարավորությունները և զարկ է տալիս միջոցառումային տուրիզմի զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

«Հարցը պետք է երկու հարթությունում դիտարկել իմ կարծիքով: Առաջին հերթին հարկ է ընդգծել, որ հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդների կյանքում ամեն դեպքում հետաքրքիր իրադարձություններ ու միջոցառումներ տեղի են ունենում: Երկրորդ հարցը կայանում է նրանում, թե արդյոք հնարավոր է այդ իրադարձությունները որպես զբոսաշրջային արդյունք ներկայացնել և ինչքանով են դրանք հետաքրքիր լինելու զբոսաշրջիկների համար: Այսօր կարող ենք ասել, որ Արցախում նկատվում է իրադարձային տուրիզմի նկատմամբ հետաքրքրության աճ, առավել ևս, որ կա նպատակ` այդ ուղղությունը ավելի կազմակերպված ներկայացնելու»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Այս տարվա ընթացքում արդեն մի քանի խոշոր զբոսաշրջային միջոցառումներ իրականացվել են: Զբոսաշրջային սեզոնի սկիզբն Արցախում համընկնում է երկրում մայիսյան տոների մեկնարկի հետ, որոնց ընթացքում տարբեր համերգներ, ցուցահանդեսներ ու մշակութային այլ միջոցառումներ են կազմակերպվում: Դրանց մասնակից են լինում նաև զբոսաշրջիկներ Հայաստանից ու արտերկրից:

Բացի այդ, վերջերս Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպված «ԱրցախԷյրՖեսթ» օդային փառատոնը ևս աշխուժություն է մտցրել Արցախի մշակութային օրացույցի մեջ, և ծրագրի հանդեպ հետաքրքրությունը հուշում է այն մասին, որ նշված փառատոնը ամենամյա կոչվելու մեծ պոտենցիալ ունի: Կոնկրետ միջոցառումների համար զբոսաշրջիկների հոսքը իհարկե առկա է, բայց քանի որ իրադարձային տուրիզմն Արցախում համեմատաբար նոր երևույթ է, ըստ Արտակ Գրիգորյանի, դեռ ցանկալի հոսքի մասին վաղ է խոսել:

Առաջիկայում ևս մի քանի նման միջոցառումներ են նախատեսված:

Արցախյան գինու փառատոն

Սեպտեմբեր ամսվա 3-րդ շաբաթ օրը Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում անց է կացվում «Արցախյան գինու» ամենամյա փառատոնը, որտեղ ներկայացվում են Արցախյան գինեգործների արտադրանքը: Փառատոնի բաղադրիչ մաս կազմող մշակութային ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ: Բացի գինու տոնավաճառից, Տող գյուղի և մոտակա համայնքների բնակիչների մասնակցությամբ կազմակերպվում են նաև Արցախյան բարիքների տոնավաճառ:

Անկախության օր

Անկախության օրը (սեպտեմբերի 2) համարվում է առավել հանդիսավոր տոներից մեկը: Տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի ողջ տարածքում: Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Վերածննդի հրապարակում տեղի են ունենում գալա-համերգներ, որին մասնակցում են տեղական երգիչներ և հյուրեր Հայաստանից և արտերկրից: Տոնը ավարտվում է հրավառությամբ:

 «Տնջրե» միջազգային դասական երաժշտական փառատոն

«Տնջրե» միջազգային դասական երաժշտական փառատոնն ամառվա ընթացքում մեկտեղում է հայտնի և երիտասարդ երաժիշտներ Արցախից և ամբողջ աշխարհից: Փառատոնի ընթացքում հայտնի երաժիշտներ Գերմանիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից և այլ երկրներից կազմակերպում են վարպետության դասեր՝ դաշնամուրի, ջութակի և կլարնետի Արցախի բնակիչների և հյուրերի համար: Համերգներն անցնում են մայրաքաղաքի և մարզային կենտրոններում փառատոնի ընթացքում:

Բերքի տոնավաճառ

Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է որպես Գյուղատնտեսության օր: Ամեն տարի բերքի փառատոն է կազմակերպվում նույն օրը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում: Ավելի քան 200 վաճառողներ, Արցախի բոլոր շրջաններից, ներկայացնում են իրենց արտադրանքը տոնավաճառ այցելող հազարավոր հաճախորդներին:

«Արցախի էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնվող փառատոնների և նման այլ միջոցառումների մասին իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով, իհարկե, տարվում են մարքեթինգային աշխատանքներ, որոնց շրջանակներում աշխատանք է տարվում թե մեդիայի, թե զբոսաշրջային ընկերությունների հետ: Հիմնականում զբոսաշրջային ընկերությունները տարվա սկզբին արդեն տեղեկացված են լինում Արցախում տեղի ունեցող խոշոր միջոցառումների մասին: Օրինակ՝ Արցախյան Գինու փառատոնը, որն ամենամյա միջոցառում է և ունի կոնկրետ ժամկետ՝ այն է սեպտեմբերի 3-րդ շաբաթ օրը, արդեն զբոսաշրջային ընկերությունների օրացույցում է»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Որպես երկրում ներգնա զբոսաշրջության զարգացումն ապահովող պետական կառավարման մարմին, Արտակ Գրիգորյանի խոսքով, իրենց համար կարևոր է ունենալ ներգնա զբոսաշրջիկների քանակի աճ: Դրա համար թիրախային շուկաներում աշխատում են Արցախի՝ որպես զբոսաշրջային ուղղության իմիջի ձևավորման ու տարածման վրա՝ տեղում ստեղծելով նաև համապատասխան ենթակառուցվածքներ ու զբոսաշրջիկների համար հարմարություններ:

Ներքին տուրիզմի համար ևս առկա են բոլոր պայմանները, սակայն դրանք ոչ թե տուրիստական ճամփորդություններ են, այլ ավելի շատ՝ էքսկուրսիաներ, հաշվի առնելով Արցախի տարածքի չափերը և բնակիչների՝ այցելության վայրում հազվադեպ գիշերակացի կազմակերպման հանգամանքը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am