Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստանում հայտնի երգչուհի, պրոդյուսեր Իզաբելը պատրաստվում է հատուկ դպրոց բացել Վանաձորում

Ռուսաստանում հայտնի երգչուհի, պրոդյուսեր Իզաբելը պատրաստվում է հատուկ դպրոց 
բացել Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ծնված, մեծացած, Անգլիայում կրթություն ստացած հայազգի երիտասարդ, գործունյա երգչուհի, պրոդյուսեր և բարեգործ Իզաբել Ուրումյանցը, որը հանրությանը հայտնի է Իզաբել բեմական անվամբ, ցանկանում է սահմանափակ կարողություններով երեխաների համար դպրոց բացել Վանաձորում: Այս և այլ թեմաների մասին նրա հետ զրուցեց «Արմենպրես»-ի թղթակիցը:

-Իզաբել, նախևառաջ կցանկանայի իմանալ, թե ի՞նչն է ձեզ բերել Հայաստան:

-Հոգիս, սիրտս, արյունս: Առաջին անգամ հայրենիք եմ եկել դպրոցական տարիքում: Դեռ փոքրուց մեծ էր հետաքրքրությունս Հայաստանի նկատմամբ: Ծնողներիս անդադար խնդրում էի ինձ ծանոթացնել իմ պատմական հայրենիքին, և 14 տարեկանում ինձ տրվեց այդ հնարավորությունը:

Երբ ժամանեցինք Հայաստան, հայրս ինձ համար մեքենայով էքսկուրսիա կազմակերպեց ողջ երկրով մեկ: Նա գիդ վարձեց, որն ինձ շատ բան պատմեց հինավուրց երկրի մասին. ծանոթացա եկեղեցիներին, տաճարներին,  գեղատեսիլ վայրերին: Կանգ առանք Վանաձորի Լեռնապատ գյուղում, որտեղ ծնվել է հայրս:

Աննկարագրելի գեղեցիկ վայր է. արծիվներն ասես կողքովդ են  թռչում, քանի որ այն բարձր կետում է: Լեռնապատն ինձ ոգեշնչեց գրել «Արմենիա» (Հայաստան) երգը: Սիրահարվեցի հայրենիքիս ու կարծում եմ՝ մեր սերը փոխադարձ է:

-Ձեր հարազատների մեջ շատ են բժիշկները, իսկ ձեր հայրը հայտնի գործարար է: Ի՞նչը ձեզ տարավ շոու-բիզնես:

-Պատահաբար եմ հայտնվել այդ ոլորտում: 15 տարեկանում որոշեցի բարեգործական համերգ կազմակերպել: Այդ տարիքում շատ աղջիկներ այլ բաների մասին են մտածում… ես  կարծում էի, որ մենք շատ փոքր ենք, իսկ աշխարհը՝ չափազանց մեծ:

Եսասեր չեմ. առաջինը մտածում եմ ընտանիքիս, ընկերներիս, նոր իմ մասին:  Երբ իմացա, թե ինչ է բարեգործական համերգը, հասկացա, որ աշխարհում ավելի մասշտաբային բաներ կան, քան ընտանիքս ու ընկերներս: Կան մարդիկ, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն: Որոշեցի իմ հնարավորությունների չափով աջակցել ու օգտակար լինել նրանց:

Մինչ օրս ավելի քան 14 բարեգործական միջոցառում եմ կազմակերպել:  Հիմնականում օգնել ենք հայազգի երեխաների: Առաջին անգամ օժանդակել եմ Զաքարյանների ընտանիքին. նրանց հայրը մասնակցել էր պատերազմին,  վարակվել տուբերկուլոզով ու վարակել իր երկու երեխաներին: Ընտանիքին աջակցելու համար կազմակերպված համերգին ներգրավել էինք հայտնի երգիչների, մոդելների, դիզայներների: Արդյունքում կարողացանք 220 000 ռուբլի տրամադրել Զաքարյաններին:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ բարեգործական համերգներ կազմակերպելիս զանազան խնդիրների եք բախվում: Որո՞նք են դրանք ու ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

-Կորել է վստահությունը բարեգործական միջոցառումների հանդեպ, քանի որ բազմաթիվ խաբեբաներ են հայտնվել այդ դաշտում: Շատ կազմակերպիչներ համերգներից հավաքված գումարի 90 տոկոսը յուրացնում են և միայն տասը ուղղում գործին: Ուստի մարդիկ կորցնում են հավատը նման համերգների և այլ միջոցառուների նկատմամբ:

Բարգործության համար գումար է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով ես նաև կոմերցիոն ծրագրեր եմ իրականացնում, որոնցից ստացված հասույթն ուղղում եմ բարեգործությանը:

-Ձեր հայրը բավականին ազդեցիկ ու հայտնի մարդ  է:  Ինչպե՞ս է վերաբերվում ձեր գործունեությանը:  Նա ձեզ հետ կապված այլ ծրագրեր չի՞ ունեցել:

-Հայրս ցանկանում էր, որ ես դեղագործ դառնայի: Բայց ես միշտ ստեղծագործում էի. երգեր գրում, կատարում դրանք: Երբ հասկացավ, որ ես ստեղծագործող մարդ եմ, միայն աջակցեց ինձ: Ընդգծեմ, որ հորիցս լավ հատկություններ եմ ժառանգել. բնույթով լիդեր եմ ու կարողանում եմ կառավարել մարդկանց՝ չվիրավորելով նրանց:

-Մարդկային ո՞ր որակներն եք գնահատում:

-Անկեղծութունը: Ավելի լավ է, որ մարդն ինձ անկեղծ ասի, որ ցանկանում է հեռանալ, քան հիմար բացատրություններ փորձի գտնել:

-Որպես պրոդյուսեր աշխատել եք ՌԴ-ում հայտնի ու սիրված երգչուհիներ Անաստասիա Ստոցկայայի, համագործակցել Իրինա Դուբցովայի հետ: Նրանք արդեն կայացած երգչուհիներ են, իսկ դուք՝ չափազանց երիտասարդ: Հե՞շտ էր աշխատել նրանց հետ, քմահա՞ճ էին:

-Թվում է, որ նրանք գերաստղեր են, և ինչպե՞ս կարելի է նրանց հետ անմիջական շփվել: Իրականում նրանք երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ են, որոնց հետ բազմաթիվ ընդհանրություններ ունեմ: Ստոցկայայի, Դուբցովայի և այլ աստղերի հետ աշխատելը հեշտ է, արդյունավետ ու հաճելի: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ ես ստեղծագործական գործընթացում ձգտում եմ ամեն բան լիարժեք անել, փորձում եմ  հաշվարկել բոլոր մանրուքները: Ներկայումս համագործակցում եմ Էդգար անունով երիտասարդ երգչի հետ: Շուտով լույս կտեսնի Էդգարի ձայնասկավառակը, նա  դուետով հանդես կգա Տատյանա Բուլանովայի հետ:

-Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ու՞մ եք ճանաչում և ու՞մ հետ եք առնչվել:

-Ռուսաստանում ծանոթացել եմ երգչուհի Սոնայի հետ, որը շատ խոր անձնավորություն է, հիանալի մարդ. նա ինձ վրա արտակարգ տպավորություն է թողել: Ճանաչում եմ նաև Սարո Թովմասյանին: Հնարավոր է, որ նրա հետ համագործակցեմ հետագայում:

-Կա՞ն համաշխարհային աստղեր ում հետ կցանկանայիք աշխատել:

-Հեռանկարում պատրաստվում եմ համագործակցել Ջենիֆեր Լոպեսի հետ. արդեն նախագծի  գաղափարն եմ զարգացնում: Ասացի, որ չեմ երազում, բայց պետք է խոստովանեմ, որ երազում եմ աշխատել Սելենա Գոմեսի հետ: Սիրում եմ նրա  «When you ready, come and get it» (Երբ պատրաստ լինես, արի) երգը: Պատրաստ եմ նորից երգել, միայն թե ստացվի նրա հետ համատեղ հանդես գալը:

-Դուք պարային հաջողված երգեր ու վառ, պայծառ գույներով տեսահոլովակներ ունեք, ինչու եք դադարեցրել երգչուհու գործունեությունը:

-Ներկայումս կենտրոնացել եմ պրոդյուսերական ու բարեգործական աշխատանքի վրա, սակայն դուք ինձ դեռ կտեսնեք բեմում:

-Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր ուենք:

-Ցանկանում եմ Վանաձորի շրջանում ապրող դաունի ախտանիշ ունեցող երեխաներին օգնել: Տիգրան անունով բարեկամ ունեմ, որը ութ տարեկան է և նման խնդիր ունի: Այդ արևոտ երախայի համար դժվար է ապրել սովորական միջավայրում: Ուզում եմ համապատասխան պայմաններ ստեղծել սահմանապփակ կարողություններով երեխաների համար ու դպրոց բացել, որտեղ նրանց հետ կաշխատեն տարբեր մասնագետներ, կսովորեցնեն երգել, պարել, լողալ ու լիարժեք կյանքով ապրել: Այդ բնագավառում գործունեություն ծավալող լավ ընկերներ ունեմ, որոնք խոստացել են սատարել, ուղղորդել ինձ այդ հարցում: Չեմ երազում ինչպես շատ աղջիկներ, պարզապես նպատակներ եմ դնում իմ առաջ ու ճանապարհներ փնտրում դրանց իրականացման համար:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]