Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեմն ինձ համար անսահման տարածություն է, որտեղ կարողանում եմ ներքին խաղաղություն ձեռք բերել. Դավիթ Վարժապետյան

Բեմն ինձ համար անսահման տարածություն է, որտեղ կարողանում եմ ներքին խաղաղություն ձեռք բերել. Դավիթ Վարժապետյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Opera Belcanto» թատրոնի գեղարվեստական ղեկավար, կանադայաբնակ օպերային երգիչ Դավիթ Վարժապետյանը ժամանել է Հայաստան: Նա ձգտում է մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և Կանադայի հայ համայնքի միջև՝ այդ նպատակով կազմակերպելով համատեղ միջոցառումներ: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչի հետ:

-Ինչպե՞ս ծնվեց ձեր հետաքրքրությունն օպերային արվեստի նկատմամբ:

-Երբ դեռ 4 տարեկան էի, մայրս ինձ տարավ Պոլսի հայկական եկեղեցի, որտեղ սկսեցի երգել:  Սիրեցի եկեղեցական գրեթե բոլոր երգերը, ինձ վրա հատկապես մեծ տպավորություն թողեց Կոմիտասը: Հետագայում թուրքերի ճնշումներից խուսափելու համար գաղթեցինք Լիբանան: Այնտեղ երգում էի տարբեր երգչախմբերում, մասնակցում փառատոնների, և ինձ հասցրել էին նկատել ու Գերմանիայում սովորելու առաջարկ անել:

Մի անգամ Գոհար Գասպարյանն էր եկել Բեյրութ. այդ կապակցությամբ մեծ ու գեղեցիկ երեկույթ էինք կազմակերպել: Իմ երգը լսելուց հետո նա ասաց. «Ցանկանում եմ, որ գաս Հայաստան և ուսանես ինձ մոտ»: Մոռացա մյուս բոլոր առաջարկներն ու համաձայնեցի գալ հայրենիք:

-Գոհար Գասպարյանը մեծ երգչուհի էր. կարո՞ղ ենք նույնն ասել նրա մասին որպես ուսուցչի:

-Ավելի քան երեսուն տարի դասավանդում եմ: Կատարող լինելն ու ուսուցանելը տարբեր բաներ են: Գոհար Գասպարյանը ամեն բան կարճ և կոնկրետ էր ասում: Նա արտակարգ երգչուհի էր, որից պետք էր հնարավորինս շատ բան սովորել:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ շատ եք սիրում «Աիդա» և «Օթելլո» օպերաները, որոնցում երգելու հնարավորություն չեք ունեցել: Ի՞նչն է ձեզ գրավում այդ օպերաներում:

-«Աիդա» օպերայի թեման ու երաժշտությունն ինձ տանում են դեպի փարավոնների առեղծվածները: Եգիպտոսը, այդ երկրի պատմությունը, մշակույթը, բուրգերն ինձ համար զարմանալի են ու չափազանց հետաքրքիր, գրավիչ: Ջուզեպպե Վերդին կարողացել է լավագույնս ներկայացնել այդ ամենն «Աիդա» օպերայում: Բացի այդ, իր հարմոնիայով, հարստությամբ այն ինձ միանգամից տեղափոխում է Եգիպտոսի երազային ու հեքիաթային աշխարհ: «Օթելլո»-ն նույնպես յուրահատուկ օպերա է: Նշեմ, որ երբեք չեմ փափագել կատարել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները, քանի որ բարիտոնի համար դրանք այնքան էլ շահեկան չեն:

 -Ասում են, թե սոպրանոյի դերերգերը զոհաբերություն են պարունակում: Իսկ բարիտո՞նն ինչ առանձնահատկություններ ունի:

-Սոպրանոն և տենորն օպերայում առաջատար ձայներ են, իսկ բարիտոնը մի պարագայում գլխավոր դեր է, մյուս դեպքում՝ ոչ: Վերդին գրել է այնպիսի օպերաներ, որոնցում յուրաքանչյուր ձայն պետք է մաքրամաքուր հնչի: Նրա օպերաներում երգիչները կարողանում են լավագույնս ներկայացնել իրենց վոկալային կարողությունները:

Բարիտոնի գործը յուրովի բարդ է, պարզապես նա պետք է ջանա գերազանց ներկայացնել իր հնարավորություններն ու գերել հանդիսատեսին:

 -Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ օպերան ընտրյալների արվեստ է:

-Օպերային երգիչ լինելը մեծ զոհողություն է պահանջում. կարգուկանոն, ճիշտ մարզում և այլն: Երգիչը պետք է սիրի իր կերպարը, հավատա նրան, լիակատար փոխանցի նրա ապրումներն ու հույզերը, ապրի նրա հետ: Ձայնի մեջ իրական զգացողություններ է պետք դնել, որպեսզի այդ գույնը հասնի հանդիսատեսին:

 -Ո՞րն եք համարում ձեր ստեղծագործական կյանքի բարձրակետը, երբ ինքներդ ձեզ ասել եք. «Այո՛, ես արեցի դա»:

-Բնավորությամբ բավականին անհանգիստ մարդ եմ: Մինչ ելույթներս շատ եմ շարժվում, քայլում այս ու այն կողմ ու անհամբերությամբ սպասում բեմ բարձրանալուն, քանի որ բեմն ինձ համար ազատ դաշտ է, անսահման տարածություն, որտեղ կարողանում եմ հաղթահարել անհանգստությունս ու ներքին խաղաղություն ձեռք բերել, ազատվել ինձ ճնշող կաշկանդվածությունից, ինքս ինձ ապացուցել, որ «արեցի դա»: Ինձ համար դա ձեռքբերում է:

-Եղե՞լ են դեպքեր, երբ գոհ չեք եղել ձեզանից:

-Ես ինքնաքննադատ եմ: Փարիզում ելույթներիցս հետո երաժշտության քննադատներն իմ մասին լավ էին արտահայտվել, անգամ նշել, որ  Փարիզի «ոսկե» ձայնն եմ, սակայն ես ինքս իմ հանդեպ պահանջկոտ եմ ու փորձում եմ կատարելագործվել, հղկել վարպետությունս, սրբագրել սխալներս:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ նպատակ ունեք Հայաստանի լավագույն ձայները ներկայացնել Կանադայում: Ովքե՞ր են, ըստ ձեզ, մեր երկրի լավագույն կատարողները:

-Առաջին անգամ 2010 թվականին մտածեցի այդ մասին: Հետագայում ինձ ծանոթացրեցին երիտասարդ օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանի, Դավիթ Բաբայանցի հետ, որոնց հավանեցի ու սկսեցի աշխատել նրանց հետ: Տղաներին հրավիրեցի Կանադա, նրանք ներկայացան տեղի հայ համայնքին ու տարբեր համերգների մասնակցեցին:

Միշտ ձգտում եմ կապ պահել հայրենիքիս հետ ու պարտքս եմ համարում  տեղի երգիչներին, արվեստագետներին ներկայացնել արտերկրում: Դեռ շատ վաղուց, երբ Կանադայում Կոմիտասի անվան երաժշտական միություն հիմնեցինք, պարտավորված էի զգում Հայաստանի նկատմամբ ու, երախտագիտության զգացումից ելնելով, ցանկացա կամուրջ ստեղծել Հայաստանի ու Կանադայի հայկական համայնքի միջև և հենց այդ ժամանակ Կանադա հրավիրեցինք բազմաթիվ պարային խմբեր, երգիչ-երգչուհիների, երաժիշտ-կատարողների:

-Օպերային արվեստը ժողովրդականություն վայելու՞մ է աշխարհում:

-Ոչ: Օպերան վերնախավի համար է, քանի որ ֆինանսներ է պահանջում և զարգացածություն: Իտալիայում ժամանակին կային գաղութներ, որոնք օպերայի մասին գաղափար չունեին:

Օպերան սիրելու և գնահատելու գործում մեծ դեր ունի մանկությունը. եթե երեխային փոքրուց ծանոթացնում են այդ արվեստին, նա չի կարող անտարբեր լինել ու չսիրել այն: Եթե ոչ, բնական է, որ այն խորթ կթվա նրան:

Մեր օրերում շատ չեն նաև լավ երգիչները: Վերջերս Իտալիայում վարպետության դասերի էի մասնակցում և ասեմ, որ այնտեղ տղամարդկային լավ ձայներ չկային: Դպրոցներում էլ չկա դասական երաժշտություն, միայն ամերիկյան ռեփ են լսում դպրոցականները: Բացի այդ, քիչ են ներկայացումները. արդեն երեք շաբաթ է՝ Հայաստանում եմ, և միայն «Տոսկա» օպերան Է ցուցադրվել: Ցավով եմ ասում, բայց դահլիճում ազատ տեղեր կային: Ժամանակին այդպես չէր:

Պետք է մեկ անգամ ևս կրկնեմ, որ միշտ ուզել եմ սերտ կապեր պահել հայրենիքի հետ, համագործակցել, բայց միշտ հուսախաբվել եմ, քանի որ ակտիվություն չկա:

Կարծում եմ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո օպերային արվեստը հետընթաց ապրեց, բայց հուսանք, որ ամեն բան դեռ առջևում է:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]